«Միացի՛ր համայնքին» ծրագիրը՝ նոր մատուցմամբ

Home » Լուրեր Հայաստանից » «Միացի՛ր համայնքին» ծրագիրը՝ նոր մատուցմամբ

«ԿԱԶԱ» հիմնադրամի «Միացիր համայնքին» ծրագիրը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ, Հայաստանում տեղահանված անձանց ինտեգրումը կազմակերպելու նպատակով ստեղծել է մի յուրօրինակ հարթակ, որն ապահովում է նրանց միջմշակութային շփումը, տեղական լեզվի ու մշակույթի ուսուցումը, Հայաստանում ինտեգրվելու բազմազան հնարավորությունների բացահայտումը: 

Ծրագիրն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝

  • Հայերենի ուսուցում
  • Ակումբներ, այցեր և նախաձեռնություններ
  • Անհատական աշխատանքային ուղղորդում

«Միացիր համայնքին» ծրագիրը նպատակ ունի համադրել ժամանցն ու ուսուցումը, բացահայտել տեղահանված անձանց ուժն ու հետաքրքրությունները և հարթակ ստեղծել դրանց դրսևորման համար: Ակումբային հանդիպումներն ու այցերը ծրագրի առանցքն են, որոնք 2019 թվականից նոր շունչ ստացան և վերաձևակերպվեցին երեք ուղղություններում՝ մշակույթ, ստեղծարարություն և հմտությունների զարգացում: Տեղացի կամավորների օգնությամբ տեղահանված անձինք ծանոթանում, շփվում,աշխատում և ստեղծագործում են միասին՝ ինտեգրվելով համայնքին:

Մշակութային ակումբի հիմնական ինտեգրող տարրերն են երգը, պարը և երաժշտական գործիքների բացահայտումը: Այս ակումբի շրջանակներում կամավորները տեղահանված անձանց համար կազմակերպում են հայկական ու արտասահմանյան պարերի ուսուցում, ծանոթացնում երաժշտական գործիքներին, կազմակերպում երաժշտական վիկտորինաներ և այլն։

Մշակութային ակումբը դարձել է ոչ միայն հայկական մշակույթին ծանոթացնելու միջոց, այլ նաև կարևոր հարթակ՝ տեղահանված անձանց բերած հարուստ մշակույթների դրսևորման համար:

Ստեղծարարության ակումբում արվեստի շունչն է ու գույների աշխարհը, նպատակը՝ միասին ստեղծագործելը: Ակումբի թեմաների բազմազանությունը՝ նկարչությունից, խճանկար պատրաստելուց, կավագործությունից մինչև ձեռքի զարդերի պատրաստում, օգնում է բացահայտել տեղահանված անձանց հետաքրքրությունները:

Հմտությունների ակումբում կամավորները տեղահանված անձանց ծանոթացնում են նոր միջավայրում հարմարվելու և ինտեգրվելու հմտություններին, աշխատանքային հնարավորություններին և աշխատանք գտնելու համար անհրաժեշտ միջոցներին ու գործիքներին: