Մեր եվրոպացի կամավորները

Home » Լուրեր Հայաստանից » Մեր եվրոպացի կամավորները

Մարտեն Բուասելը և Հիշամ Զորին Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ, անգլ․ European Solidarity Corps) ֆրանսիացի կամավորներ են, ովքեր 2023 թ.-ի մարտից ի վեր իրենց առաքելությունն են իրականցնում Հայաստանում։ Նրանք առավելապես ներգրավված են «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ծրագրերում, ինչպես նաև հանդիսանում են Հայ կամավորների միության կամավոր։

ՄԱՐՏԵՆ ԲՈՒԱՍԵԼ

«Բարև ձեզ, Ես Մարտենն եմ: Եկել եմ Ֆրանսիայից, ավելի ճիշտ՝ Բրետանից՝ Ֆրանսիայի ամենաարևմտյան մասից (նման է Իռլանդիային, բայց՝ ավելի արևոտ):

Ի՞նչ կարող եմ պատմել իմ մասին: Դե, նախ և առաջ, ես սովորություն ունեմ տարված լինել ամենատարբեր բաներով, ինչպես երեխան մի շաբաթ տարվում է դինոզավրերով, իսկ հաջորդ շաբաթ՝ մեքենաներով: Դե ես նույնն եմ… միայն թե չափահաս եմ (պաշտոնապես ամեն դեպքում):

Իմ մասին զվարճալի փաստն այն է, որ ես պատահականորեն տարվում եմ տարբեր թեմաներով: Օրինակ՝ համալսարանում ես նախ բույսերի ֆոտոսինթեզ էի ուսումնասիրում, այնուհետև անցա անգլախոս երկրների պատմությանը, իսկ հետո տարվեցի տեխնիկական թարգմանությամբ: Սովորելու շատ բան կա, և ես պարզապես չեմ կարող կենտրոնանալ մի բանի վրա: Նույնը վերաբերում է իմ հոբբիներին։ Սիրում եմ լուսանկարել, դաշնամուր նվագել, տարբեր լեզուներ սովորել, հեծանիվ քշել, ճաշ պատրաստել, կարդալ, հեռուստատեսային շոուներ դիտել… Չափից շատ անելու բան և ընդամենը մեկ կյանք:

Այս հետաքրքրասիրությունը խթանել է անընդհատ նոր և տարբեր բան փնտրելու իմ ցանկությունը, ինչը ստիպեց ինձ աշխատել տարբեր երկրներում և ոլորտներում: Այսպիսով, երբ ես պատահաբար ծանոթացա «ԿԱԶԱ»-ի կամավորական ծրագրին, երկար չվարանեցի դիմելուց առաջ, քանի որ կազմակերպության առաքելությունն ու արժեքները համընկնում էին իմ արժեքների հետ։ Բացի այդ, Հայաստանը բացահայտելու շատ մեծ ցանկություն ունեի: Մի երկիր, որի մասին այդքան քիչ բան գիտեի:

Ես չէի կարող բաց թողնել այս հնարավորությունը: Եվ ահա վերջապես կամավոր եմ «ԿԱԶԱ»-ի գրասենյակում, գեղեցիկ Երևանում: Այստեղ իմ հիմնական պարտականություններն են դասընթացների, հանդիպումների և այլ միջոցառումների ժամանակ լուսանկարելն ու դրանք խմբագրելը, հոդվածներ գրելը, ֆրանսերենի դասավանդումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում որոշ թարգմանություններ կատարելը: Ես սիրում եմ առաջադրանքների այս բազմազանությունը, աշխատել ինչպես լուսանկարչության, այնպես էլ լեզուների հետ:

Ես իսկապես վայելում եմ այստեղ անցկացրած ժամանակը: Հանդիպել եմ զարմանալի մարդկանց ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ճաշակել եմ տարբեր ուտեստներ և սկսել եմ սովորել հայերեն: Արդեն երեք ամիս է անցել, և ես անհամբեր եմ՝ տեսնելու, թե է՛լ ինչ է ինձ առաջարկելու Հայաստանը»:

Կարդալ ավելին

ՀԻՇԱՄ ԶՈՐԻ

«Հիշամ՝ ծագումով Նիսից, Հայաստան եմ ժամանել երկու ամիս առաջ։ Ֆրանսիայում զբաղվել եմ մշակութային միջոցառումների կազմակերպմամբ (հիմնականում երաժշտական ​​և աուդիովիզուալ) և մինչ օրս աշխատում եմ որպես գեղարվեստական ​​ղեկավար արհեստական ​​ինտելեկտի մի ընկերությունում։

Հայաստան գալու իմ ընտրությունը երկու պատճառ ունի. ուզում էի բացահայտել այս հազարամյա երկիրը, որտեղ կրոնը, գինին, տաճարներն ու ավանդույթները գոյակցում են պատմական դինամիկայի մեջ: Բայց ես նաև ուզում էի սովորել մի երկրից, որն, իմ ընկալմամբ կախարդանքով լի է։

Իմ հիմնական գործառույթը «ԿԱԶԱ»-ում կապված է հաղորդակցության հետ: Ես փնտրում էի, թե որ ոլորտուոմ կարող եմ առավել օգտակար լինել և հասկացա, որ պետք է զբաղվեմ «ԿԱԶԱ»-ի սոցիալական ցանցերի համար բովանդակության ստեղծմամբ։ «ԿԱԶԱ»-ն անում է շատ խորը ու հստակ աշխատանք, այստեղ ամեն ինչ անհավանական է, բայց նաև ցավալի է, որ իր որակյալ աշխատանքն ամեն օր անհետանում է հաղորդակցության բացակայության պատճառով: Ահա թե ինչու ես կենտրոնանում եմ այս խնդրի վրա:

Իմ տպավորությունները Հայաստանից բազմաթիվ են։ Հայաստանը մի երկիր է, որտեղ շատ տարբերություններ կան՝ կախված նրանից, թե որտեղ ես գտնվում։ Բայց միշտ կա այն զգացողությունը, որ այս հողը յուրահատուկ բան ունի։ Բնությունն օժտված է մի աներևակայելի ուժով, և հայերը փայփայում են այն: Ես գնահատում եմ այս կապը բնության հետ, որն այնքան ինքնաբուխ է թվում:

Ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ գրասենյակում կամ գյուղերում, երբ ուղեկցում եմ գործընկերներիս մարզային այցերի ժամանակ։ Եվ պետք է ասեմ, որ «ԿԱԶԱ»-ի թիմը բաղկացած է հիանալի մարդկանցից, որոնցից ես ամեն օր սովորում եմ ոչ միայն պրոֆեսիոնալ մակարդակում, այլ առաջին հերթին մարդկային մակարդակում։ Որովհետև իմ կամավորությունը «ԿԱԶԱ»-ում նախևառաջ մարդկային փորձ է, որտեղ ես սովորում եմ նույնքան իմ մասին, որքան՝ ուրիշների և ես հավատում եմ, որ այս կրթական գործընթացը շարունակական է»:

Կարդալ ավելին