Մեկնարկում է «Կայուն զարգացման ուսուցման» ծրագիրը

Home » Լուրեր Հայաստանից » Մեկնարկում է «Կայուն զարգացման ուսուցման» ծրագիրը

Ֆրանսիայի Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը մեկնարկում է « Կայուն զարգացման ուսուցման » նոր ծրագիրը։ Այն Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի կողմից Լոռիում իրականացված արևային վահանակների տեղադրման ծրագրի եզրափակիչ և անչափ կարևոր փուլն է։

Ծրագիրն ուղղված է Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքների դպրոցներում կայուն զարգացման մասին իրազեկմանը նպաստելուն։ Ուսումնական նախագիծը հիմնականում նախատեսված է ուսուցիչների համար։

Ծրագրի առաջին փուլում նախատեսվում է իրականացնել Վանաձոր և Ալավերդի քաղաքների հանրակրթական դպրոցների 36 ուսուցիչների վերապատրաստում կայուն զարգացմանը վերաբերող թեմաների շուրջ։ Ուսուցիչներն ընտրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առաջադրված 64 թեկնածուներից՝ կարիքների գնահատման և մասնակցության հայտի լրացումից հետո։

Տվյալ փուլի հիմնական նպատակն ուսուցիչներին անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով, հմտություններով և կարողություններով զինելն է։ Թիրախ խումբը բնապահպանական կրթությանն առնչվող առարկաների (շրջակա միջավայր, աշխարհագրություն, ֆիզիկան և կենսաբանություն) ուսուցիչներն են։ Վերապատրաստման ընթացքում ուսուցիչները ոչ միայն կկարողանան ստանալ նոր գիտելիքներ, այլև արդյունավետ ու ինտերակտիվ մեթոդներով կհարստացնեն ու կթարմացնեն իրենց մեթոդական գործիքակազմը։ Երկու առկա դասընթացները կիրականացվեն Գյումրիում, ինչին կհետևեն ուսուցման էլեկտրոնային հարթակում անցկացվող հեռավար դասերը։ Դրանք կնպաստեն ուսումնասիրված թեմաների առավել խորքային ուսումնասիրությանը և հնարավորություն կտան ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։ Դասընթացները կվարեն ոլորտի լավագույն փորձագետները՝ Էկոլոգիայի և կայուն զարգացման բազմափորձ մասնագետ, հայտնի բնապահպան Կարինե Դանիելյանը, կրթության փորձագետներ Զառա Լավչյանը, Արեգ Թադևոսյանը և այլք։ Հարկ է նշել, որ ծրագիրը կազմելիս ուսումնասիրվել են մինչ այժմ Հայաստանում տվյալ ոլորտում կատարված աշխատանքներն ու մշակված ձեռնարկները։

Ծրագրի հաջորդ բաղադրիչը կրթական խաղի մշակումն է։ Խաղի նպատակը երեխաներին կայուն զարգացման նպատակներին ծանոթացումն ու վերջիններիս մոտ բնասիրական վարքագծի ձևավորումն է։

Իսկ ծրագրի երրորդ և վերջին փուլում ուսուցիչներն աշակերտների հետ կիրականացնեն կանաչ նախաձեռնություններ, որոնք ուղղված կլինեն իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների մասին իրազեկմանը կամ դրանց լուծմանն ուղղված որևէ կոնկրետ քայլի իրականացմանը։

Վերապատրաստման առաջին դասընթացը տեղի է ունեցել հունվարի 22-ից 25-ը։