Հեռավար կրթությունն արդեն հասանելի է նաև Գյումրու խոցելի ընտանիքների երեխաներին

Home » Լուրեր Հայաստանից » Հեռավար կրթությունն արդեն հասանելի է նաև Գյումրու խոցելի ընտանիքների երեխաներին

Համավարակի այս խրթին ժամանակաշրջանում կրթության ոլորտն աննախադեպ ճգնաժամի բախվեց։ Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը նույնպես հայտարարեց ուսումնական հաստատություններում աշխատանքային պրոցեսը հեռավար կազմակերպելու որոշման մասին։

Մարտի կեսերին դպրոցներում առցանց հարթակներին անցումը լրացուցիչ անորոշություն ստեղծեց հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող անապահով ընտանիքների համար` համապատասխան սարքավորումների (համակարգիչ, պլանշետ) բացակայության պատճառով:

1997 թվականից ի վեր, «ԿԱԶԱ» Հիմնադրամն անգնահատելի աջակցություն է ցուցաբերում Գյումրիում բնակվող բազմաթիվ անապահով ընտանիքների։ Ծրագրի նպատակն է նպաստել այս ընտանիքների հզորացմանը և սոցիալական ինտեգրմանը տարբեր հոգեբանասոցիալական ծառայությունների միջոցով։ Այս ժամանակաշրջանում վերոնշյալ ընտանիքները, ովքեր ունեն դպրոցահասկ երեխաներ, նույնպես հայտնվեցին ծայրահեղ ծանր կացության մեջ։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունն անմիջապես արձագանքեց խնդրին՝ կարևորելով երեխաների կրթության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։ Այս շաբաթ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնի ներկայացուցիչները դեսպանատան կողմից նվիրաբերված 16 համակարգիչները հանձնեցին շահառու ընտանիքներին՝ այդպիսով հնարավորություն տալով 30 դպրոցահասակ երեխաներին շարունակելու ուսումնական գործընթացը։

Քանի որ որակյալ կրթությունն աղքատության կրճատման հիմնական նախապայմաններից է, ընտանիքներին այս փուլում անհրաժեշտ սարքավորումներով ապահովելն անկասկած երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա երեխաների ապագայի վրա։

«ԿԱԶԱ» Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը՝ սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրած անգնահատելի օգնության, իսկ որ ամենակարևորն է՝ այս դժվարին իրավիճակում երեխաներին կրթության հասանելիություն ընձեռելու համար։