Մարտի 24-ից 26-ը « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » («ՀԵՔ») ծրագրի ակումբավարների երկու խմբերը Գյումրիում էին վերապատրաստման հերթական դասընթացի շրջանակներում, որն ավանդաբար կազմակերպվում է ծրագրի 11-ամսյա ընթացքի կեսին: Սա 2016-2017թթ թողարկման ակումբավարների առաջին համատեղ դասընթացն էր, ուստի մեծ էր վերջիններիս սպասումն ու ոգևորությունը:
Թիմային աշխատանք, կոնֆլիկտների կառավարում և փոխակերպում, աշխատանք բազմազանության հետ, քաղաքացիական մասնակցության՝ Ռոջեր Հարտի առաջարկած սանդղակը և այլն. ծրագրի պատասխանատուները դասընթացի 3 օրերի ընթացքում արծարծվելիք թեմաներն ընտրել էին՝ հիմնվելով աշխատանքի 7 ամիսների արդյունքում ակումբավարների կարիքների ու ցանկությունների գնահատման վրա:
Այդուհանդերձ, հանդիպման մեծագույն նորությունը կրթապիտակներն էին՝ ինքնագնահատման էլեկտրոնային գործիքներ, որոնք հիմնված են ծրագրի ընթացքում ակումբավարների կողմից իրենց գիտելիքների և հմտությունների զարգացման վրա: Ի դեպ, կրթապիտակ ձեռք բերելու համար զարգացրած գիտելիքի կամ կարողության մասին անհրաժեշտ է փաստել հստակ օրինակներով:
« Նախորդ տարիներին արձանագրել էինք, որ մեր ակումբավարները դժվարանում են խոսել ծրագրի ընթացքում ունեցած իրենց ձեռքբերումների մասին՝ գիտելիքների ու կարողությունների տեսանկյունից: Կրթապիտակների համակարգը նպատակ ունի օգնել նրանց հստակ պատկերացնել զարգացման այդ գործընթացը և ձևակերպել իրենց հաջողությունները՝ համախմբելով դրանք մեկ տիրույթում »,- նշում է «ՀԵՔ» պատասխանատու Կարինե Ստեփանյանը: Բացի այդ, ակումբավարները հնարավորություն ունեն կիսվել իրենց ձեռքբերումներով սոցիալական ցանցերում, վերածել դրանք վկայականների, ներառել ինքնակենսագրականում:
Առաջարկվող կրթապիտակներն այս պահին 25-ն են (ինչպես օրինակ «Հմուտ դիվանագետ»-ը, որը տրվում է ծրագրի այլ ակումբների, ինչպես նաև անկախ փորձագետների հետ համագործակցության կապեր զարգացրած ակումբավարներին) : Դրանք հասանելի են https://www.badgecraft.eu հարթակում: Եվ մինչ երիտասարդները զբաղված են իրենց առաջին կրթապիտակների ձեռքբերմամբ՝ միաժամանակ հաճույք ստանալով ինքնագնահատման այդ գործընթացից (այո՛, այն իսկապես զվարճալի է), ծրագրի պատասխանատուներն ուշադրությամբ հետևում են նրանց. կրթապիտակների համակարգի ստեղծումը գործի կեսն է միայն : Անհրաժեշտ է հետևել դրա շարունակական բարելավմանը. չէ՞ որ առջևում ակումբավարների նոր սերունդներ են: