Կրթական գործիքների առաջին տոնավաճառը Հայաստանում (եւ տարածաշրջանում) արդեն իրականություն է

Home » Լուրեր Հայաստանից » Կրթական գործիքների առաջին տոնավաճառը Հայաստանում (եւ տարածաշրջանում) արդեն իրականություն է

Հոկտեմբերի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ կրթական գործիքների առաջին տոնավաճառը, որն առաջինն էր նաև ողջ տարածաշրջանում: Միջոցառումը կազմակերպվել էր « ԿԱԶԱ » հիմնադրամի, ՀՀ սպերտի և երիտասարդության հարցերով նախարարության,  SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre-ի և SALTO EECA-ի համատեղ ջանքերով: Բարելավել Հայաստանում երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության որակը՝ նպաստելով հայալեզու կրթական գործիքների ստեղծմանն ու տարածմանը՝ այս էր նախաձեռնության նպատակը, որին մասնակցեցին ավելի քան 160 անձինք, որոնց թվում՝ ոլորտի տեղական և միջազգային բազմաթիվ դերակատարներ, ինչպես նաև ֆորմալ կրթության ներկայացուցիչներ ու երիտասարդական աշխատանքով հետաքրքրված անձինք:

Սակայն վերջիվերջո ո՞րն է երիտասարդական աշխատանքի և ոչ ֆորմալ կրթության առաքելությունն ու կարևորությունը:

Երիտասարդական աշխատանքն օգնում է ներգրավել երիտասարդներին իրենց իսկ հիմնախնդիրների և կարիքների վերհանման ու լուծման ուղիների մշակման աշխատանքներում՝ ցույց տալով զարգացման բազմաթիվ հնարավորություններ և նպաստելով վերջիններիս անհատական, սոցիալական և կրթական աճին: Երիտասարդական աշխատողն այն անձն է, որն իր գործունեությամբ նպաստում է այդ աճին՝ զարգացնելով երիտասարդների ներուժն ու օգնելով լիարժեք հաստատվել հասարակության մեջ: Այդ գործում նրան օգնության են հասնում բազմաթիվ գործիքներ, որոնց թվում նշանակալի տեղ է զբաղեցնում հենց ոչ ֆորմալ կրթությունը:

Նման համատեքստում կրթական առաջին ազգային տոնավաճառը թույլ տվեց ոչ միայն ծանոթանալ երիտասարդության ոլորտում եվրոպական ընդհանուր իրավիճակին և գործունեության շրջանակին (Էրազմուս+ ծրագիր), այլ նաև միասին բացահայտել և փորձարկել Հայաստանում ստեղծված/կիրառվող կրթական տարբեր գործիքներ: Դրանցից որոշներն ի դեպ հասանելի են SALTO-ի կրթական գորիքների պորտալում, որը « ԿԱԶԱ »-ի ջանքերի շնորհիվ արդեն հասանելի է հայերեն լեզվով ևս: Այս չափազանց ինտերակտիվ հարթակը թույլ է տալիս անդադար բարելավել և հարստացնել դրա բովանդակությունը՝ առաջարկելով ներկայացված գործիքների թարգմանություններ կամ ադապտացումներ, բեռնելով նոր գործիքներ՝ ազգային լեզուներով: Կարճ ասած՝ իսկապես գնահատելի միջոց է ավելի լայն, ոչ անգլալեզու լսարանի հետ աշխատելու, ինչպես նաև տեղական իրականությանն առնչվող թեմաների անդրադառնալու համար:

Ի դեպ, շուտով պատրաստ կլինի առաջին Տոնավաճառի արդյունքներն ամփոփող հաշվետվությունը: Դե ինչ, մինչ Կրթական գործիքների ազգային տոնավաճառի երկրորդ թողարկում: