«Կենդանի գրադարան ». երբ գրքերի հետ խոսելը հնարավոր է

Home » Լուրեր Հայաստանից » «Կենդանի գրադարան ». երբ գրքերի հետ խոսելը հնարավոր է

Դեկտեմբերի 13-ին «Էսպաս» երիտասարդական կենտրոնում «ՀԵՔ» ծրագրի անգլախոսների ակումբի ակումբավար Մերի Մամյանի նախաձեռնությամբ մեկնարկեց «Կենդանի գրադարան» նախագիծը: Կենդանի, որովհետև գրքերն այստեղ իրական մարդիկ էին. նրանց « կարդալու » համար անհրաժեշտ էր միայն նստել համապատասխան « գրքի » առաջ ու լսել պատմությունը: Անգամ կարելի էր երկխոսել հարցերի միջոցով:

Առաջին հանդիպման թե՛ թեման էր զվարճալի և հետաքրքիր, թե՛« գրքերն » էին բազմազան. Գերմանիայից, Թուրքիայից, Լեհաստանից, Խորվաթիայից և Ֆրանսիայից եկած 6 երիտասարդ, որ իրենց « Եվրոպական կամավորական ծրագիր »-ն (EVS) են իրականացնում Երևանում, սպասում էին իրենց « ընթերցողներին »՝ իրենցից յուրաքանչյուրին հատկացված 15 րոպեի ընթացքում խոսելու « Մարշուտկա, խաշ, լավաշ »-ից (ի դեպ, թեմայի վերնագիրն ընտրված էր հենց իրենց՝ « գրքերի » կողմից) կամ, այլ կերպ ասած, Հայաստանում որպես կամավոր իրենց փորձառության, մշակութային տարբերությունների, իրենց արկածների մասին:

Թե՛ գրքերի դերում հանդես եկող երիտասարդների, թե՛ ընթերցողների համար սա յուրահատուկ և հետաքրքիր փորձառություն էր, որովհետև բոլորն էլ առաջին անգամ էին մասնակցում նման ձևաչափ ունեցող միջոցառման: Խոսքն իրականում 2000 թ. Կոպեհանգենում՝ Roskilde Festival-ի շրջանակներում ծնունդ առած նախագծի մասին է, որը հետագայում լայն տարածում ստացավ բազմաթիվ այլ երկրներում: «Կենդանի գրադարանը» եզակի ձև է մարտահրավեր նետելու հասարակության մեջ առկա կարծրատիպերին և դրանք կոտրելու միջմշակութային առողջ երկխոսության միջոցով:

« Էսպաս »-ում ծնունդ առած « գրադարանը » ևս նույն նպատակն է հետապնդում և գործելու է որպես երկարաժամկետ նախագիծ. նման ընթերցանության օրեր անց են կացվելու ամիսը երկու անգամ՝ յուրաքանչյուր հանդիպման համար ընտրված նոր թեմաներով ու նոր « գրքերով »: