«Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակում

Home » Լուրեր Հայաստանից » «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակում

Մարտի 5-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կայացավ «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի փակման միջոցառումը:

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, կարևորելով կրթության առանցքային դերը կայուն զարգացման գործում, վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացրել է Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքների 36 ուսուցիչների վերապատրաստում, որի նպատակը վերջիններիս թեմային առնչվող անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով զինելն էր։ Այս ուսումնական նախագիծն ավելի վաղ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի կողմից անցկացված «Արևային Լոռի» ծրագրի եզրափակիչ փուլն էր։

Փակման միջոցառումը նպատակ ուներ ամփոփել ծրագրի մեկամյա գործունեության արդյունքները, ստեղծելով հարթակ կրթական ոլորտի աշխատակիցների համար՝ ծանոթանալու կրթության նորարար գործիքակազմերին և մոտեցումներին, փորձարկելով և վերլուծելով վերջինները: Միջոցառումը նաև կրթության ոլորտի դերակատարների համար կարծիքների, կրթական մոտեցումների և փորձի փոխանակման առիթ հանդիսացավ:

Ծրագրի փակման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանը, «Հայաստան» համահայակական հիմնադամի ծրագրերի համակարգող Գևորգ Գևորգյանը: Միջոցառմանը մասնակցեցին նաև Ալավերդի և Վանաձոր քաղաքների միջնակարգ և ավագ դպորցների, ինչպես նաև վարժարանների տնօրենները և ուսուցիչները, բնապահպանական կրթություն իրականացնող տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ և կրթական ոլորտի այլ դերակատարներ:

Միջոցառման պաշտոնական հատվածին հաջորդեց 9 կրթական աշխատարան, որտեղ ծրագրին մասնակից ուսուցիչները ներկայացրեցին կայուն զարգացման կրթության իրականացման իրենց մշակած գործիքները: Աշխատարաններում ներկայացվեցին նաև «ԿԱԶԱ» հիմադրամի կողմից մշակված կրթական խաղերը: Միջոցառման ընթացքում առաջին անգամ փորձարկվեց ծրագրի շրջանակներում մշակված կայուն զարգացման նպատակների մասին «ՖՈՒՏՈՒՐՈ» կրթական խաղը, ինչպես նաև ցուցադրվեց հանրակրթական դպրոցների համար նախատեսված «7 քայլ դեպի էկո դպրոց» կրթական տեսահոլովակը։