«ԿԱԶԱ»-ն՝ ի նպաստ «ոչ ֆորմալ ֆրանկոֆոնիայի» Հայաստանում

Home » Լուրեր Հայաստանից » «ԿԱԶԱ»-ն՝ ի նպաստ «ոչ ֆորմալ ֆրանկոֆոնիայի» Հայաստանում

Հայաստանում ֆրանկոֆոնիայի հիմնական դերակատարներից մեկը «ԿԱԶԱ» հիմնադրամն է։ Այդ մասին են վկայում այն բազմաթիվ ոչ ֆորմալ աշխատարանները, որոնք ողջ տարվա ընթացքում կազմակերպվել են Երևանում, Գյումրիում, Թալինում ու Էջմիածնում։

«ԿԱԶԱ» հիմնադրամը մշտապես նպաստում է Հայաստանում ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։ Իր գործունեությամբ «ԿԱԶԱ»-ն հավատարիմ է նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության որդեգրած արժեքներին ու սկզբունքներին՝ ազատությանը, համերաշխությանը, բազմազանությանն ու «Ապրել միասին» գաղափարին։ Դրա վառ ապացույցն են այն աշխատարանները, որոնք հիմնադրամը նախաձեռնում է Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այս առումով տարին բավականին հագեցած էր։

Ամենալայնամասշտաբը Ֆրանսիայի միջազգային ռադիոյի (RFI) հետ համատեղ կազմակերպված աշխատարանն էր, որը տեղի ունեցավ Գյումրիում։ Ռադիոաշխատարանի հիմնական նպատակը երկրների միջև մշակութային շփման զարգացումն էր։ Այն երկխոսության հիանալի հարթակ դարձավ երիտասարդների համար, որոնք կարողացան ստեղծել իրենց սեփական ռադիոհաղորդումն ու իրենց ձայնը լսելի դարձրին երկրի սահմաններից այն կողմ։ RFI-ի աշխատակիցները մասնակիցներին տրամադրեցին համապատասխան սարքավորումներ և սովորեցրին ռադիոհաղորդում ստեղծել։ Իսկ թեման ընտրվեց հենց հանդիպման ընթացքում՝ մասնակիցների հետ քննարկման արդյունքում։ Ավանդույթներ և բարքեր, կին-տղամարդ հավասարություն, միգրացիա․ առաջարկվող թեմաները բազմազան էին։ Մասնակիցները խոսեցին նաև իրենց հոգեհարազատ այլ թեմաների շուրջ՝ ընտանիք, երաժշտություն, խոհանոց և այլն։ Պատմեցին իրենց անցյալի, ապագայի պլանների, ինչպես նաև՝ աշխարհընկալման մասին։ Ռադիոհաղորդումը հեռարձակվեց ինչպես RFI-ի կայքում և ֆեյսբուքյան էջում, այնպես էլ Հայաստանի հանրային ռադիոյով։

Հունիսի 21-ին «ԿԱԶԱ»-ում մեծ շուքով նշվեց Երաժշտության տոնը։ Երաժշտական խաղեր, տեսագրություններ, «Գուշակիր մեղեդին» մրցույթ, երաժշտական աշխատարաններ, կարաոկե․․․ Կարճ ասած՝ Երաժշտության տոնն անմոռանալի էր։

«ԿԱԶԱ»-ի նախաձեռնած մեկ այլ լայնամասշտաբ աշխատարանն էլ նվիրված էր բնապահպանությանը։ «Մի բույս. քիչ բան չէ» վերնագիրը կրող վարպետաց դասի շրջանակում մասնակիցները սովորեցին բույսեր տնկել ու խնամել դրանք՝ «Էկոմոտիվ» նախաձեռնության ներկայացուցիչների օգնությամբ։ Աշխատարանի հիմնական հերոսները հիմնադրամի կամավորներն էին, Թալինի Ֆրանկոֆոնիայի կենտրոնի երեխաներն ու 54 դպրոցի աշակերտները։ Վերջիններս շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված ազդագրեր պատրասեցին, բնապահպանության ոլորտին առնչվող հարուստ բառապաշար յուրացրին ու այնուհետև Թումոյի այգում իրենց փոքրիկ «ներդրումն» ունեցան՝ տնկիների տեսքով։

Դե իսկ ամենամսյա աշխատարանները Երևանի, Գյումրու, Էջմիածնի ավելի քան 10 դպրոցներում և Թալինի ֆրանկոֆոնիայի կենտրոնում հիմնադրամի ֆրանսիացի կամավորների մատուցմամբ շարունակեցին ողջ տարվա ընթացքում հետաքրքիր թեմաներ առաջարկել հայ դպրոցականներին՝ կիրառելով ոչ ֆորմալ կրթության գործիքներն ու մեթոդները։ Լեզվակիրների հետ անմիջական շփման շնորհիվ աշակերտները շարունակեցին նորովի բացահայտել ֆրանսերեն լեզուն և պատկերացում կազմել աշխարհում դրա տարածվածության մասին, ծանոթանալ ֆրանկոֆոն երկրներին ու դրանց մշակույթներին, Ֆրանկոֆոնիայի որդեգրած արժեքներին, ինչպես նաև պարզապես ուղղել իրենց հետաքրքրող հարցերը այլ երկրներում կյանքի ու մարդկանց, նրանց խնդիրների ու ընձեռված հնարավորությունների մասին։

Տարեվերջին հիմնադրամի Ֆրանկոֆոնիայի ծրագրային թիմը գործընկեր դպրոցների հետ ամփոփիչ հանդիպում կազմակերպեց՝ քննարկելու համար համագործակցության զարգացման հեռանկարները, կատարված աշխատանքի արդյունքները, թույլ և ուժեղ կողմերը։

Հարկ է նշել, որ ֆրանկոֆոն աշխատարանների հանդեպ հետաքրքրությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում։ Բազմաթիվ դպրոցներ են ցանկանում ֆրանկոֆոն այս մեծ ընտանիքի մի մասնիկը դառնալ։ Նոր ծրագրերը, աշխատարաններն ու ձեռքբերումները առջևում են․․․