«ԿԱԶԱ»-ՄԱԿ ՓԳՀ համագործակցությունն՝ ի նպաստ նաեւ ծագումով ոչ հայ փախստականների

Home » Լուրեր Հայաստանից » «ԿԱԶԱ»-ՄԱԿ ՓԳՀ համագործակցությունն՝ ի նպաստ նաեւ ծագումով ոչ հայ փախստականների

«ԿԱԶԱ» հիմնադրամը և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) «Փախստականների ինտեգրում կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում համագործակցում են գլխավորապես հաջակցություն սիրիահայերի, որոնց հոսքը դեպի Հայաստան սիրիական ճգնաժամի ծագման պահից սկսած չի դադարում: Սակայն իր առանձնահատկությամբ և ունեցած ազդեցությամբ այս գործակցության կարևոր մաս է կազմում նաև հայկական ծագում չունեցող փախստականների հետ աշխատանքը՝ «Միացիր համայնքին» ենթածրագրի տեսքով:

Հայաստանում ապաստան հայցած օտարազգի փախստականների համայնքը մեծ չէ. եկած լինելով հիմնականում Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից և Ասիայից՝ նրանց թիվը հազիվ է հասնում հարյուրի: Սակայն անկախ թվից՝ յուրաքանչյուր մարդ կարիք ունի իրեն հասարակության մասնիկ զգալու : Եվ չնայած ապաստան հայցողների մեծ մասի ապագան շարունակում է անորոշ մնալ, երկու կառույցները միավորվեցին 2015թ.-ին՝ օգնելու նրանց ծանոթանալ Հայաստանին և նպաստելու նրանց սոցիալ-մշակութային ինտեգրմանն այստեղ այնքան ժամանակ, ինչ նրանք մեր երկրում են հյուրընկալված:

Գործնականում ծրագիրը բաղկացած է 3 հիմնական բաղադրիչներից՝ հայերենի դասեր, միջմշակութային հանդիպումներ և այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր: Կանոնավոր միջոցառումներն անց են կացվում Երևանի միակ « Հատուկ կացարան »-ում, որտեղ այս պահին բնակվում է Իրանից, Իրաքից, Ուկրաինայից, Եմենից և Կուբայից եկած 39 ապաստան հայցող: Նրանցից մոտ 12-ը պարբերաբար մասնակցում են առաջարկվող միջացառումներին:   

 «Սրճենք հայերեն». շաբաթական երկու անգամ անցկացվող հայերեն լեզվի դասերը նման անվանում են ստացել՝ ընդգծելու համար այն անբռնազբոս մթնոլորտը, որում դրանք անցնում են՝ առաջարկելով սովորել գլխավորապես շփումների միջոցով: Շաբաթ օրը նախատեսված է միջմշակութային հանդիպումների համար, որոնք հաճախ անցկացվում են ակումբի, վարպետաց դասի կամ փոքրիկ վերապատրաստման ձևով: Քաղաքում կատարվող այցելությունները՝ Մատենադարան, Պատմության թանգարան, շրջայց Երևանով և ճաշ տեղի ռեստորանում, կավագործության դասընթացներ և այլն, ինչպես նաև արշավները դեպի Հայաստանի տեսարժան վայրեր առիթ են հանդիսանում ծանոթացնելու « Հատուկ կացարանի » բնակիչներին հյուրընկալող երկրի պատմական, մշակութային, բնական և իհարկե մարդկային հարստությանը՝ միաժամանակ մի փոքր ավելի հաճելի դարձնելով նրանց առօրյան:

Աշխատանքը բոլորովին հեշտ չէ՝ հաշվի առնելով շահառուների մեծ մասի հոգեբանական վիճակը՝ տնից հեռու, կենտրոնի չորս պատերի արանքում մշտական սթրեսի ու ձանձրույթի ենթակա: Այդուհանդերձ, ծրագրի հաջողությունը հստակ է դառնում, երբ օրինակ տեսնում ես մասնակիցներին կացարանի բակում հայերենի ուսուցչուհուն անհամբեր սպասելիս: Ուրեմն հասել ենք նպատակին, որին ձգտում էինք. մեր շահառուների կյանքն ավելի լավն է դառնում մեզ հետ:

* Ծրագրի շրջանակներում « ԿԱԶԱ »-ն, ՄԱԿ ՓԳՀ-ից բացի, համագործակցում է նաև միևնույն ոլորտում ներգրավված այլ կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Կարմիր Խաչը, « Առաքելություն Հայաստան »-ը և այլն: