«Խաղը գործողության մեջ»

Home » Լուրեր Հայաստանից » «Խաղը գործողության մեջ»

Հեղինակ՝ «ԿԱԶԱ»-ի կամավոր Ժոսլեն Լըղուայե

Սովորելու մեթոդները բազմաթիվ են, սակայն դրանցից լավագույնը և արդյունավետը խաղերն են, որովհետև ապահովում են երեխաների էմոցիոնալ, ճանաչողական, սոցիալական և ինտելեկտուալ, ասել է թե՝ բազմակողմանի զարգացումը։ Ոչ ֆորմալ կրթությունը երեխաներին դարձնում է ավելի մոտիվացված և ինքնավստահ, ավելի համարձակ, ինչի արդյունքում էլ երեխաները ուսուցանվող նյութը ավելի լավ են մտապահում։ Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ, որպեսզի ուսուցման պրոցեսը հետաքրքիր ու արդյունավետ լինի, առաջարկվող խաղերը պետք է լավ մշակված լինեն։

Հենց այս առիթով էլ  ծնվեց «Խաղը գործողության մեջ» ծրագիրը՝ մշակված Լեհաստանի «Fundacja Inkubator Innowacji» կազմակերպության և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ Էրազմուս + ծրագրի շրջանակում։ Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից երիտասարդական աշխատողներ և ուսուցանողներ հայտ էին լրացրել, որպեսզի մասնակցեն 7 օր տևողությամբ այս ծրագրին։

Որպես «ԿԱԶԱ» հիմնադրամի կամավոր և երեխաների հետ աշխատող, ես նույնպես հնարավորություն ունեցա մասնակցելու այդ ծրագրին, ուստի և կկիսվեմ իմ տպավորություններով և փորձով։

Առաջին 2 օրերի հանդիպումները նվիրված էին սառույցկոտրուկին և խմբի  ձևավորմանը։ Խաղերի միջոցով կարողացանք իրար ավելի լավ ճանաչել, կիսվել մեր սպասելիքներով, վախերով։  Ինձ հատկապես դուր եկավ խաղերից մեկը, որի ընթացքում պետք է կազմեինք 2 շրջան (մեծ շրջանի ներսում ևս մեկ փոքր շրջան)։ Շրջանների մասնակիցները կանգնում էին դեմ առ դեմ՝ զույգերով, այնուհետև հերթով փոխում զույգերին։ Ստացվում էր այնպես, որ բոլորի հետ ստիպված էինք զրուցել և կիսվել։ Նույնիսկ ամենաամաչկոտները կարող էին փոխանակվել զույգերով և զրուցել միմյանց հետ։

Մեզ ամբողջովին ներկայացվեց ծրագիրը և դրա նպատակը, այն է՝ ծրագրի վերջում մեր սեփական խաղերի ստեղծումը։

Երեքշաբթի, հանդիպման երրորդ օրը, սկսեցինք մանրամասն ուսումնասիրել կրթական խաղերի ստեղծման ընթացքն ու օգտակարությունը։ Որպեսզի մեր սովորածն առավել ամրապնդվեր, չորրորդ օրը խաղացինք մեզ ներկայացված խաղերը։ Նշված օրվա առաջին կեսին խաղացինք «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից ստեղծված մի քանի սեղանի խաղ։ Ինձ համար շատ տպավորիչ էր «Սիմբոլուս» խաղը, որը մշակույթների բազմազանության ընկալման ու միջմշակութային հաղորդակցության մասին է։  Օրվա երկրորդ կեսին խաղացինք այն խաղերը, որոնք բերել էին հանդիպման մասնակիցները։

Առավոտը նշանավորվեց «Literatus» խաղի համահիմնադրի կոնֆերանսով, խաղի ներկայացումից հետո մասնակիցներով փորձարկեցինք այն։ Հաջորդիվ այց ունեցանք ավիամոդելային խմբակ՝ վայր, որտեղ երեխաներն ու երիտասարդները սովորում են ինքնաթիռներ պատրաստել։

Հաջորդ օրը մասնակիցներիս հերթն էր բաժանվել խմբերի և ստեղծել խաղեր։ Խմբերից յուրաքանչյուրն ուներ իր թիրախը, խաղի թեման և խաղի պլանը։ Մեր խմբում ներգրավեցի միայն ֆրանսիացի մասնակիցների, որպեսզի ստեղծենք թղթախաղ՝ երեխաներին Ֆրանսիայում սոցիալական անհավասարությունների շուրջ կրթելու նպատակով։ Չնայած ստեղծագործական բարդ ընթացքին՝ մեր թիմային խաղը ծնվեց և անվանվեց «Zorg’s world»։ Խաղացողներից ամեն մեկն ունի ֆանտաստիկ մի կերպար, որը համապատասխանում է Ֆրանսիայում ներկա էթնիկ խմբերից մեկին։ Յուրաքանչյուր կերպար ունի տույժեր և նպաստներ՝ կախված իր էթնիկ պատկանելությունից: Խաղի նպատակը խոչընդոտներ հաղթահարելով տարածքների նվաճումն է։ Քանի որ մաշկի գույնով և տարբեր հատկանիշներով պայմանավորված, կերպարները չունեն այն նույն իրավունքները, ինչ ֆրանսիացիները, խաղացողները կարող են իրենց դնել ֆրանսիացիների տեղը՝ իրենցից տարբերվող մաշկի գույնով։ Սա հնարավորություն է տալիս խաղացողներին ավելի լավ հասկանալ իրենց հայրենակիցներին և կարեկցանք ցուցաբերել վերջիններիս նկատմամաբ։

Ստեղծված և կիրառված բոլոր խաղերը հասան իրենց նպատակներին։ Յուրաքանչյուր խաղ հետապնդում էր իրարից տարբեր նպատակ և գործողություն, ինչը շատ հետաքրքիր էր։

Կրթական պրոցեսներից զատ մասնակիցներով ունեցանք շատ հաճելի և զվարճալի պահեր։ Ծրագրի շրջանակում կազմակերպված էին միջմշակութային երեկոներ, որտեղ Եվրոպայի 4 անկյուններից եկած մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց երկիրն ու մշակույթը․ երաժշտություն, ավանդույթներ, պարեր, ազգային կերակուրներ, և որ ամենակարևորն է՝ այս ամենը համեմված էր հումորով և ծիծաղով։ Ազատ ժամերին հավաքվում էինք տարբեր լեզուներ և մշակույթներ կրող մարդկանցով, զրուցում, ծիծաղում, հետաքրքիր ժամանակ։ Առավոտյան, կեսօրին և երեկոյան մեզ մատուցվում էին բալանսավորված սննդակարգով տնական կերակուրներ։ Ծրագրի ավարտին նույնսիկ մեծ ճաշկերույթ ունեցանք ռեստորանում։

Ամփոփելով ասեմ, որ սա մեծ հնարավորություն էր ինձ համար։ Ծրագրին մասնակցությունն ինձ տվեց նոր հմտություններ ու գաղափարներ, որոնք ինձ օգնում են առօրյա աշխատանքում։ Շնորհիվ «Խաղը գործողության մեջ» ծրագրի՝ ես ծանոթացա Եվրոպայի տարբեր անկյուններից եկած շատ հաճելի մարդկանց հետ, որոնց երբեք չեմ մոռանա։