« Ընտանիքի ընկեր ». Սբ Զատիկը միասին նշելն այսուհետ ավանդույթ է

Home » Լուրեր Հայաստանից » « Ընտանիքի ընկեր ». Սբ Զատիկը միասին նշելն այսուհետ ավանդույթ է

Մարտի 26-ին « Ընտանիքի ընկեր » ծրագրի կամավորներն ու շահառու ընտանիքները Էոն հակասրճարանում միասին նշեցին Սուրբ Զատիկը: Ծրագրի շրջանակներում այս կարևորագույն քրիստոնեական տոնը միասին դիմավորելն արդեն դարձել է ավանդույթ, որին այս տարի ներկա էին նաև մեր համագործակիցները ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակից, « Հայկական Կարմիր խաչ » ընկերությունից և « Առաքելություն Հայաստան » ՀԿ-ից: Տոնական սեղան, խաղեր, երգ ու ասմունք՝ բոլոր պայմանները ստեղծված էին 70 ներկաների օրն իսկական ուրախության վերածելու համար :

Մի կողմից՝ տեղահանյալ (մեծամասամբ՝ սիրիահայ) ընտանիքների՝ կամավորների օգնությամբ պատրաստած զատկական ուտեստները, մյուս կողմից՝ տեղացիների առաջարկած Զատկին բնորոշ կերակուրները օրը վերածում էին միաժամանակ մշակութային բազմազանության տոնի : Տոն, որի ընթացքում պարզ դարձավ, որ ավանդական բաղադրատոմսերն ու խորհրդանիշերն ամենևին էլ նույնը չեն կախված նրանից՝ Հայաստանում ենք մեծացել, թե սփյուռքում :

« Զատկի տոնի հետ կապված տեղի հայերի և սիրիահայերի սովորույթները միմյանցից մեծապես չեն տարբերվում: Միևնույն շամանակ, կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին միջոցառման ժամանակ իմացա: Օրինակ, տեղացիները տարբեր տեսակի կանաչեղեն են տապակում, չամիչով բրնձի փլավ և չամիչով խմորեղեն են պատրաստում Զատիկի օրը », – նշեց սիրիահայ Անի Ճենաճեանը:

Իսկ կամավոր Ռուզաննա Ասլիկյանի՝ իր համար արած բացահայտումը խոհարարության բնագավառին չի վերաբերում՝ « Շփվելով սիրիահայերի հետ՝ ես նկատեցի, որ նրանք մեզ համեմատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում եկեղեցական ծեսերին և ամբողջ ընտանիքով մասնակցում են Ավագ Շաբաթվա բոլոր արարողություններին »: