ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԿԵՐ

Home » Փախստականների ինտեգրացիա » ԸՆՏԱՆԻՔԻ ԸՆԿԵՐ

Այս ծրագրի միջոցով մենք ցանկանում ենք աջակցել վերջերս Հայաստան ժամանած տեղահանված ընտանիքների աստիճանական ինտեգրմանը տեղական իրականությանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանցից շատերին անծանոթ է ամեն ինչ՝ սկսած հայկական պետության կառուցվածքից մինչև տեղի ժողովրդի բարքերն ու սովորույթները։

2014 թվականի առաջին թողարկումից ի վեր ծրագրին մասնակցել է 90 ընտանիք (ընդհանուր առմամբ՝ 370 հոգի) և նույնքան կամավոր։ Այլ կերպ ասած՝ սաղմնավորվող բարեկամության 90 պատմություն, որոնցից շատերը շարունակվում են ծրագրի 3 ամիսներից հետո ևս։

Ո՞րն է մեր նպատակը

  • Օգնություն և ինտեգրման միջոցներ առաջարկել փախստականներին, ապաստան հայցողներին և Սիրիայից վերջերս տեղահանված անձանց,
  • Նրանց անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել երկրի քաղաքական, հասարակական-տնտեսական, կրթական համակարգերի և մյուս ոլորտների գործունեության վերաբերյալ,
  • Նոր ժամանած ընտանիքներին հնարավորություն ընձեռել շփվելու տեղի բնակչության հետ՝ հասկանալու համար տեղական մշակույթը, սովորույթներն ու մտածելակերպը, միաժամանակ նպաստել երկու համայնքների միջև երկխոսությանը և շփումներին։

Ո՞րն է մեր մեթոդը

Ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հաշվի է առնում ինտեգրացիայի երկկողմանի՝ փոխադարձ բնույթը։ Այսպիսով, տեղահանված անձանց ինտեգրացիային ուղղված մեր գործունեության շրջանակներում մենք հավասար կարևորություն ենք տալիս տեղական բնակչության, տվյալ պարագայում՝ մեր կամավորների հետ աշխատանքին։ Մինչ տեղահանյալ ընտանիքները պատկերացում են կազմում հայոց պետության և հասարակության մասին, ծրագրում ներգրավված կամավորներին հաջողվում է մոտիկից ծանոթանալ այդ ընտանիքների խնդիրներին՝ փորձելով նպաստել դրանց լուծմանը։

Ծրագիրը ներառում է հետևալ բաղադրիչները`
•Ուղղորդում դեպի համապատասխան կառույցներ,
•Գործնական խորհուրդներ,
•Կամավորների ուղեկցությամբ այց պատմամշակութային և հանրային վայրեր,
•Համատեղ ճաշեր (ընտանիքը և կամավորը),
•Հատուկ դասընթացներ կամավորների համար,
•Հոգեբանական հանդիպումներ կամավորների համար,
•Արտ-թերապիա ընտանիքների երեխաների համար։

Մեր թիրախային խումբը

  • Տեղահանյալներ, որոնք Հայաստան են ժամանել ոչ շուտ, քան ծրագրի հերթական թողարկման մեկնարկից երեք ամիս առաջ՝ առաջնահերթությամբ ընտանիքների, որոնք ունեն երկուսից ավելի երեխա և առերեսվում են ինտեգրացիոն որոշ խնդիրների։ Շահառու ընտանիքների ընտրությունն իրականացվում է ըստ նախապես սահմանված չափանիշների։
  • Կամավորներ, ում մտահոգում են տեղահանյալ ընտանիքների խնդիրները և որոնք ծանոթ են տեղական իրականությանը հասարակական-տնտեսական, կրթական և այլ ոլորտներում։ Կամավորները ևս ընտրության նույնատիպ փուլ են անցնում։

Տեղեկություններ

Ցանկանու՞մ եք դառնալ ծրագրի շահառու կամ ընդգրկվել որպես կամավոր։
Գրե՛ք մեզ հետևալ էլ․հասցեով` espaces@kasa.am կամ զանգահարե՛ք 010 54 18 44 հեռախոսահամարով։