Զբոսավարների պատրաստման դասընթաց

Home » Լուրեր Հայաստանից » Զբոսավարների պատրաստման դասընթաց

Արագ զարգացող զբոսաշրջությանը զուգընթաց՝ Հայաստանում աճում է հմուտ զբոսավարների պահանջարկը: 2005թ.-ից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է զբոսավարների պատրաստման (լսարանային և առցանց դասերի համադրությամբ) դասընթաց:

Դասընթացի նպատակը

2005 թվականից ի վեր՝ հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտում գրանցված տարեկան 10-15% աճը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը նախաձեռնում է զբոսավարների պատրաստման դասընթաց։ Այն հավատարիմ է հիմնադրամի կողմից որդեգրած՝ սոցիալապես պատասխանատու զբոսաշրջության սկզբունքներին, որը նպաստում է ապրուստի միջոցների ստեղծմանը, աջակցությանը տեղական համայնքներին, ինչպես նաև՝ Հայաստանի մշակութային և բնական ժառանգության պահպանմանը։ Դասընթացը համապատասխանեցված է զբոսաշրջության ոլորտի մասնագիտական կարիքներին և տեղի աշխատաշուկայի պահանջներին։

Մեթոդները

Դասընթացի տևողությունը 6 ամիս է։ Այն իր մեջ ներառում է ավելի քան 15 առարկա, առցանց ուսուցման նյութեր, այցեր թանգարաններ և տեսարժան վայրեր, անհատական ուղղորդում: Դասընթացը մշակված է բոլոր նրանց համար, ովքեր տիրապետում են որևէ օտար լեզվի, ունեն բարձրագույն կրթություն և ցանկանում են ձեռք բերել զբոսավարի մասնագիտությանն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։ Տեսական ու գործնական աշխատանքների համակցության շնորհիվ դասընթացը դառնում է առավել արդյունավետ։ Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքին մշտապես հետևում է մեկ մասնագետ- մենթոր։

Դասընթացավարները

Դասընթացը վարում են հմուտ զբոսավարներ, ինչպես նաև՝ ոլորտի (պատմություն, աշխարհագրություն, ճարտարապետություն, արվեստ և այլն) բարձրակարգ փորձագետներ: Ծրագրի շրջանակում պարբերաբար հյուրընկալվում են նաև դասախոսներ Եվրոպայից:

Օրինակ՝ սույն թվականի հունվար ամսին Շվեյցարիայից ժամանած արվեստաբանության և սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարայի և դասընթացավար թիմի ղեկավարությամբ մասնակիցները աշխատեցին սովետական ժառանգության թեմայի շուրջ։

Ինչու՞ ընտրվեց այս թեման։ Քանի որ խորհրդային շրջանը այժմ մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում։

Մասնակիցներն, աշխատելով 4 խմբով, ներկայացրին ժամանակաշրջանի վերլուծություն՝ անդրադառնալով արդյունաբերությանը, հոգևոր ու նյութական մշակույթին, ճարտարապետությանը, նորաձևությանը, սոցիալական կյանքին, տրանսպորտին, կրթական համակարգին՝ վերարտադրելով ժամանակի ոգին անգամ սպասքի, հագուստի, կոնֆետների միջոցով:

Ի դեպ, սովետական ժառանգության թեմայով գրված կուրսային աշխատանքներից լավագույնը հրատարակվելու և ներկայացվելու է Salon du livre կոչվող ամենամայա ցուցահանդեսում, իսկ 2-րդ տեղը զբաղեցրած աշխատանքը վերածվելու է զբոսաշրջային երթուղու և առաջարկվելու է զբոսաշրջային գործակալություններին:

Այսպիսով, աշխատանքը դառնում է նաև պատրաստի պրոդուկտ դասընթացի յուրաքանչյուր մասնակցի համար և դառնում վերջինիս հաղթաթուղթը զբոսավարների աշխատաշուկայում:

ՀԳ. Ի դեպ, սույն թվականի մարտի 22-ին մեկնարկեց «Զբոսավարների պատրաստման դասընթաց»-ի հերթական խումբը։.