«Զբոսավարների պատրաստման դասընթացը»՝ նոր մասնագիտության ձեռքբերման որակյալ հարթակ

Home » Լուրեր Հայաստանից » «Զբոսավարների պատրաստման դասընթացը»՝ նոր մասնագիտության ձեռքբերման որակյալ հարթակ

2005թ.-ից վեր «ԿԱԶԱ» հիմնադրամն իրականցնում է «Զբոսավարների պատրաստման դասընթաց»։ Սկզբնական շրջանում նախաձեռնությունը զուտ կամավորական բնույթ էր կրում, այսինքն որպես գիտելիքների փոխանցման միջոց էր ծառայում ավելի փորձառու զբոսավարների և սկսնակների միջև։ Տարիների ընթացքում, սակայն, այն վերածվեց առավել հիմնավոր ու ընդգրկուն մի ծրագրի՝ Զբոսավարների պատրաստման համակցված դասընթացի (լսարանային և առցանց դասերի համադրությամբ)։

Դասընթացին մասնակցում են ցանկացած օտար լեզվի իմացությամբ, բարձրագույն կրթություն ունեցող անձինք։ Թեև դասընթացն ամբողջովին հայալեզու է, մասնակիցներին տրամադրվում է նաև օտարալեզու գրականության ցանկ։ Տևողությունը 6 ամիս է։ Սա շատ հարմար ժամանակահատված է, քանի որ դասընթացն ավարտելուն պես մեկնարկում է զբոսաշրջային սեզոնը, և այդպիսով, մասնակիցները կարողանում են անմիջապես մուտք գործել աշխատաշուկա։

Դասընթացի ծրագրում ընդգրկված է մոտ 15 առարկա՝ Հայաստանի աշխարհագրություն, երկրագիտություն, հայկական ավանդույթներ, հայոց պատմություն, հայկական սփյուռքի պատմություն, եկեղեցու պատմություն, ճարտարապետություն, մշակույթ, մանրանկարչություն, ինչպես նաև զբոսավարի լոգիստիկա և առաջին բուժօգնություն։

«Տարիների ընթացքում կուտակած փորձի, մեր դասընթացների շրջանավարտների ունեցած բազմաթիվ հաջողությունների շնորհիվ մենք այսօր կարող ենք մեզ թույլ տալ համագործակցել ցանկացած ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Հյուրընկալում ենք նաև դասախոսների Եվրոպայից»,- նշում է «Զբոսավարների պատրաստման դասընթացի» համակարգող Լուսինե Սաղաթելյանը։

Դասընթացի շրջանակներում իրականացվող պրակտիկ աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են այցելություններ թե’ թանգարաններ և թե’ տեսարժան վայրեր, որտեղ մասնակիցներին հնարավորություն է տրվում կատարելագործելու ձեռք բերված գործնական հմտությունները։

«Դասընթացն իրականացնելիս շեշտը գլխավորապես դնում ենք անհատական ունակությունների զարգացման, ինքնուրույն աշխատելու և սեփական փորձով կատարելագործվելու վրա։ Այսպիսով, պրակտիկ դասընթացների շնորհիվ մեր մասնակիցներն արդեն իսկ հնարավորություն են ստանում հանդես գալու զբոսավարի դերում»,- ավելացրեց Լուսինե Սաղաթելյանը։

Առաջարկվող լսարանային դասերին նախորդում են առցանց կրթական հարթակում ներառված դասախոսությունները։ Հարկ է նշել, որ առցանց հարթակի ողջ պարունակությունն առնվազն 8 ամիս հասանելի է լինում մասնակիցներին։ Այսինքն, ավարտելուց հետո դեռ մոտ մեկուկես ամիս նրանք կարողանում են օգտվել կրթական ողջ նյութից։

Դասընթացի մասնակիցների թիվը սովորաբար 12-15 է։ Դասընթացներն ամփոփվում են որևէ տեսարժան վայր այցով, որի ընթացքում մասնակիցները ցուցադրում են զբոսավարի իրենց հմտությունները։

Վերջին դասընթացն ավարտվեց նոյեմբերի 23-ին և ամփոփվեց Խոր Վիրապ և Նորավանք կատարված այցելություններով, որտեղ մասնակիցներն արդեն հանդես էին գալիս որպես պրոֆեսիոնալ զբոսավարներ։ Իսկ հյուրերը «ԿԱԶԱ» հիմանդրամի ֆրանսիացի և լեհ կամավորներն էին։ Դասընթացի մասնակիցներն ուղեկցում էին նրանց նշված վանական համալիրներ, ինչպես նաև ճանապարհային էքսկուրս էին անցկացնում, այսինքն՝ նրանք աշխատում էին որպես լիարժեք զբոսավարներ։

«Ուրախ եմ, որ բաց չթողեցի ինձ առաջարկվող հնարավորությունը և մասնակցեցի «ԿԱԶԱ» հիմնադրամի կազմակերպած «Զբոսավարների պատրաստման դասընթացին»։ Վեց ամիս տևող դասընթացների ընթացքում ոչ միայն ձեռք բերեցի զբոսավարի համար կենսական նշանակություն ունեցող տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ, այլև ծանոթացա բարձրակարգ մասնագետների հետ, ինչպես նաև ձեռք բերեցի հրաշալի ընկերներ այդ բնագավառում։ Արդեն մի քանի ֆրանսախոս խմբեր եմ ուղեկցել ամռանը և մեծ ոգևորությամբ սպասում եմ մյուս սեզոնի բացմանը», – նշեց «Զբոսավարների պատրաստման դասընթացի» շրջանավարտ, ֆրանսախոս զբոսավար Շուշանիկ Մակարյանը։

Զբոսավարների պատրաստման հերթական դասընթացը կմեկնարկի 2020թ.-ի փետրվարի վերջին։