«Երկուսով աշխատանքի համար»․ ինչու, ովքեր եվ ինչպես

Home » Լուրեր Հայաստանից » «Երկուսով աշխատանքի համար»․ ինչու, ովքեր եվ ինչպես

Երիտասարդների զբաղվածությանն ու աշխատանքային հմտությունների զարգացմանն ուղղված ծրագրերը եղել և մնում են «ԿԱԶԱ» հիմնադրամի օրակարգում։ 2016թ.-ից ի վեր հիմնադրամն իրականացնում է «Երկուսով աշխատանքի համար» ծրագիրը, որը միավորում է աշխատանք փնտրող երիտասարդներին ու այդ հարցում նրանց աջակցող կամավոր-մենթորներին:

Ինչու

Համաձայն 2018թ-ին արված հետազոտության՝ Հայատանում գործազուրկ երիտասարդները կազմում են ամբողջ երիտասարդության 16%-ը: Ընդ որում՝ գործազրկության ամենաբարձր ցուցանիշը 20-24 տարեկան երիտասարդների շրջանում է: Տնտեսապես ոչ ակտիվ աշխատուժի 53.8%-ը բարձրագույն կրթությամբ երիտասարդներ են:

Միաժամանակ երիտասարդության ոլորտում տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ Հայաստանում երիտասարդների մոտ առկա գործազրկության բարձր ցուցանիշը պայմանավորված է ոչ միայն երկրի տնտեսական վիճակով, այլև՝ աշխատանք փնտրող երիտասարդների մոտ տեղեկատվության և հմտությունների զարգացվածության պակասով: Այս տվյալները խոսում են այն մասին, որ երիտասարդները ոչ ֆորմալ կրթական ծրագրերի շրջանակներում վերապատրաստումների կարիք ունեն՝ իրենց հմտություններն ու գիտելիքները զարգացնելու, աշխատաշուկայի պահանջներին ու կարիքներին համապատասխանելու և մրցունակ դառնալու համար:

Հենց այս մտահոգության արդյունքում էլ ծնվեց «ԿԱԶԱ» հիմնադրամի «Երկուսով աշխատանքի համար» ծրագիրը։

Ովքեր

Ծրագրում ընդգրկվում են մասնակիցների երկու խումբ՝ շահառուներ և կամավորներ: Շահառուները 20-35 տարեկան երիտասարդներ են, ովքեր ցանկանում են աշխատել, փնտրում են աշխատանք, սակայն դժվարանում են: Հիմնականում այս երիտասարդները բավարար չափով իրազեկված չեն հայաստանյան աշխատաշուկայի և Հայաստանում աշխատանք գտնելու վերաբերյալ։ Նրանց՝ աշխատանքի որոնման հմտությունները բավարար չափով զարգացած չեն:

Կամավորներն առնվազն մեկ աշխատավայրում աշխատանքային փորձ ունեցող երիտասարդներ են, ովքեր ունեն այլ մարդկանց օգնելու մեծ ցանկություն և՝ դրան ժամանակ տրամադրելու հնարավորություն: Նրանք հիմնականում տիրապետում են մի քանի լեզվի, համակարգչային բազային հմտությունների, հաղորդակցվող են, նախաձեռնող, ճկուն և արագ կողմնորոշվող:

Ինչպես

Նախ ծրագրում ներգրավված կամավորները մասնակցում են զբաղվածության ոլորտին առնչվող եռօրյա դասընթացի, որը կազմակերպվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից: Դասընթացից հետո նրանք 8 ամսվա ընթացքում ուղղորդում են աշխատանք փնտրող երիտասարդներին աշխատանքի որոնման հարցերում՝ տեղեկություններ տրամադրելով նրանց թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի և այլ թեմաների վերաբերյալ:

Այս տարի «ԿԱԶԱ» հիմնադրամը Զբաղվածության պետական գործակալության (ԶՊԳ) հետ կնքեց հետագա համագործակցության հուշագիր, ինչը ԶՊԳ-ում գրանցված գործազուրկ երիտասարդներին ուղղորդման և «Երկուսով աշխատանքի համար» ծրագրում նրանց ներգրավելու հնարավորություն է տալիս:

Հ.Գ. 2016-2019թթ.-ի ընթացքում իրականացված ծրագրերում ընդգրկված շահառուները ձեռք են բերել ոլորտին առնչվող գիտելիքներ, զարգացրել են իրենց հմտությունները, իսկ աշխատանք փնտրող երիտասարդների մոտ 60%-ը գտել է աշխատանք: 2019թ.- սեպտեմբերից 2020թ.-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում պլանավորվող ծրագրում նախատեսվում է ընդգրկել 100 մասնակից՝ 75 շահառու և 25 կամավոր: