«Երկուսով աշխատանքի համար». նոր բաղադրիչ՝ «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրում

Home » Լուրեր Հայաստանից » «Երկուսով աշխատանքի համար». նոր բաղադրիչ՝ «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրում

«ԿԱԶԱ» հիմնադրամն իր «Երիտասարդների զբաղվածություն» ծրագրի շրջանակներում  ներմուծել է նոր բաղադրիչ՝ «Երկուսով աշխատանքի համար», որի նպատակն է կամավորների միջոցով առավել անհատական մոտեցում ցուցաբերել ծրագրի մասնակիցներին աշխատաշուկա մուտք գործելու և աշխատանքային հմտությունների զարգացման հարցերում:

Ինչպես հուշում է անունը, նոր բաղադրիչի շրջանակներում այսուհետ աշխատելու ենք երկու տարբեր թիրախային խմբերի հետ՝ մի կողմից մարդիկ, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց աշխատանքային հմտությունները և ձեռք բերել աշխատանք, սակայն դժվարանում են այն գտնելու հարցում, մյուս կողմից՝ աշխատանքային փորձ ունեցող անձինք՝ կամավորներ, ովքեր ցանկանում են աջակցել այլ մարդկանց գտնել աշխատանք՝ նրանց հետ կիսելով իրենց փորձն ու հմտությունները:

« Ծրագրում ընդգրկված կամավորների մասնագիտական ուղղվածություններն ու փորձը բավական բազմազան են : Ինչ վերաբերում է մեր շահառուներին, (որոնք, ի դեպ, կարող են լինել տեղացիներ, սիրիահայեր կամ Հայաստանում ապաստանած փախստականներ այլ երկրներից), խոսքը հիմնականում ուսումն ավարտած կամ ուսման վերջին տարում գտնվող երիտասարդների մասին է, որոնք չունեն աշխատանքային փորձ և փորձում են իրենց առաջին քայլերն անել ՀՀ աշխատաշուկայում : Բացառություն են կազմում սիրիահայերը, որոնց Սիրիայում կուտակած մասնագիտական փորձը ընդհատվել է Հայաստանում »,- նշում է ծրագրի պատասխաատու Լուսինե Աղաբեկյանը :

Բաղադրիչն իրականացման ընթացքի մեջ է. ընտրված 15 կամավորներն արդեն վերապատրաստվել են զբաղվածության ոլորտում : Երեք ամիս շարունակ նրանցից ամեն մեկը կուղեկցի ծրագրի 1-3 շահառուի աշխատանքի որոնման հարցում՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ թափուր աշխատատեղերի որոնման, դրանց դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման և այլ թեմաների վերաբերյալ: Հուսանք, որ երկուսով աշխատաշուկան ավելի հասանելի կդառնա :

* Ծրագիրը ֆինանսավորվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ: