«Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի ամփոփումն ու նոր սկիզբը

Home » Լուրեր Հայաստանից » «Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի ամփոփումն ու նոր սկիզբը

«Երիտասարդները հանուն զարգացման» ծրագրի պլանավորման ժամանակ՝ 2015թ.-ին, անգամ չէինք էլ պատկերացնում, որ նման արդյունքի կհասնենք: Բայց ահա 2 տարի անց ունենք  համայնքային 9 ծրագիր, որոնք մեր՝ արդեն մի մեծ ընտանիք դարձած թիմի համատեղ աշխատանքի արդյունքն են:

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ծրագրի ամփոփումը, որին ներկա էին ոչ միայն ծրագրային թիմերը, այլև ՏԻՄ ներկայացուցիչներ, «ԿԱԶԱ»-ի տարբեր ծրագրերի ակտիվ մասնակիցներ, կամավորներ և հետաքրքրված երիտասարդներ: Ամփոփմանը ներկա էր նաև Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Յոհանես Դոուման, ով, շրջելով տաղավարներով և ծանոթանալով բոլոր ծրագրերին, կարևորեց և քաջալերեց երիտասարդների մասնակցությունը համայնքային կյանքին:

Ծրագրի ամփոփման ժամանակ ներկայացվեցին երկար ու ձիգ ամիսների ընթացքում մշակված 3 կրթական գործիքները, Երիտասարդահեն զարգացման ուղենիշները երիտասարդների, կազմակերպությունների և ՏԻՄ-երի արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև Տեղական և մարզային կյանքում երիտասարդների մասնակցության վերանայված եվրոպական խարտիան` հայերեն թարգմանությամբ և երիտասարդական մասնակցության վերաբերյալ ուսուցողական հոլովակը՝ հիմնված Ռոջեր Հարթի՝ երիտասարդների մասնակցության աստիճանակարգի վրա:

Ծրագրի մասնակիցներն իրենց խոսքում նշեցին, որ բացի ծրագրերի իրականացման համար տեսական ու պրակտիկ գիտելիքներից, ծրագիրը նրանց համար ինքնաճանաչման, բացահայտման և նոր հմտությունների ձեռքբերման հարթակ էր: Ծրագրի մասնակից Լիլիթ Բադալյանը նշեց. «Ծրագրի միջոցով ես հասկացա, որ ուզում եմ աշխատել երիտասարդների հետ», Պողոս Հովհաննիսյանը փաստեց. «Համայնքային խնդիրները վեր հանելու կարողություն ձեռք բերեցի», իսկ Տաթևիկ Աբրահամյանի խոսքերով՝ ծրագիրն իրեն տվեց անձնային աճ:

«Երիտասարդները հանուն զարգացման» ծրագիրն ամփոփվեց՝ դրանով սկիզբ դնելով 9 ծրագրերի զարգացման նոր փուլի: Խոսելով հետագա անելիքների մասին՝ մասնակիցները նախանշեցին իրենց ծրագրերի ապագան: Այսպես․

«Նոր շունչ Կարբի համայնքին», Կարբի համայնք, Արագածոտնի մարզ

Անուշ Խուդավերդյանն իր թիմի հետ շարունակում է Երիտասարդական կենտրոնում տարբեր ակումբների հավաքները՝ թիրախավորելով հատկապես ավագ դպրոցի աշակերտներին:

«էկո տոպրակների արտադրություն», Սևան համայնք, Գեղարքունիքի մարզ

Արթուր Մելքոնյանն այսօր փորձում է գտնել իրացման նոր թիրախներ արդեն Սևանից դուրս: Ի դեպ, նշենք, որ Արթուրն իր համայնքի ավագանու անդամ է, ընդ որում այդ միտքը նրա գլխում ծագել էր հենց այս ծրագրի շրջանակում՝ հիմնավորելով, որ ավագանու անդամ լինելով՝ ավելի շատ օգուտ կարող է տալ իր համայնքին:

«Մի՛ նետիր՝ կվերամշակենք», Աշտարակ համայնք, Արագածոտնի մարզ

Լիլիթ Բադալյանի թիմը որոշել է ընդլայնել իր վերամշակած ապրանքների տարածման աշխարհագրությունը, որի համար համագործակցում է ծրագրային մասնակիցների հետ: Բացի այդ, որոշել է վերամշակված կտորներից պատրաստել և վաճառել այսօր այդքան նորաոճ փափուկ աթոռներ:

«Այգին որպես մասնակցության հարթակ», Բյուրական համայնք, Արագածոտնի մարզ

Պողոս Հովհաննիսյանին հաջողվել է ավագանիների մի քանի նիստ անցկացնել ծրագրի շրջանակներում ստեղծած այգում և քննարկումներ կազմակերպել հենց երիտասարդների հետ: Իսկ ապագան ավելի խոստումնալից է, քանի որ Պողոսն ունի այլ փոքրիկ բիզնեսներ, որոնք կակտիվանան զբոսաշրջային սեզոնի բացման ժամանակ:

«Դեռահասների վերարտադրողական առողջություն և մասնակցություն», Երևան

Տաթևիկ Աբրահամյանի թիմը մտադիր է դասընթացներ անցկացնել Երևանից դուրս՝ Շիրակի մարզում, քանի որ ծրագրի ամփոփման ժամանակ հանդիպեց Գյումրու «ԿԱԶԱ»-ի թիմի ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են դեռահասների կրթությամբ և հետաքրքրված են Տաթևիկի նախաձեռնած դասընթացով:

«Մեղվաբուծությունը հանուն համայնքի», Ույծ համայնք, Սյունիքի մարզ

Գևորգ Թորոսյանն արդեն պլանավորում է մեղրի իր հաջորդ փառատոնի անցկացումը, ինչպես նաև զուգահեռաբար կազմակերպում մեղվաբուծության դասընթացներ սկսնակների համար:

«Բրդի վերամշական արտադրամաս», Գոգարան համայնք, Լոռու մարզ

Վերա Ավագյանի թիմը, չնայած դժվարություններին, կարողացավ գտնել մասնագետ և պատրաստել սարքավորում, որի շնորհիվ Գոգարանի բուրդն այսուհետ կլվացվի հատուկ սարքի միջոցով:

«Աշխատանքի հեշտացում տրակտորի միջոցով», Կրաշեն համայնք, Շիրակի մարզ

Հռիփսիմե Պետրոսյանը տրակտորի շնորհիվ ոչ միայն մշակում է իր և հարակից համայնքների հողերը, ստացված եկամտից խաղահրապարակ կառուցում, այլև մտածում է համայնքի այլ խնդիրների լուծման ուղղությամբ: Նրա մտքին հիմա մանկապարտեզի վերանորոգումն է, ինչի համար ֆինանսավորում է փնտրում:

«Ֆինանսական խորհրդատվության կենտրոն», Վանաձոր համայնք, Լոռու մարզ

Վլադիմիր Սահակյանը բացի ֆինանսական խորհրդատվություն տրամադրելուց կազմակերպում է նաև մասնագիտական կողմնորոշման դասընթացներ Վանաձորում, ինչպես նաև հարակից համայնքներում, որտեղ նման գործունեության մեծ կարիք է վեր հանել:

Դեռ շատ ավելին կլինի ապագայում:

* Ծրագիրն իրականացվել է Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ։