ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Home » Զարգացնել քաղաքացիական գիտակցությունը » ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Ո՞րն է մեր նպատակը

2002 թվականին ստեղծված մեր առաջին ակումբը համախմբում էր բնապահպանական հարցերով մտահոգ երիտասարդների։ Ելնելով նախաձեռնության հաջողությունից՝ մենք որոշեցինք ընդլայնել ակումբների շրջանակը և ստեղծել նորերը։

2010 թվականին բոլոր այդ ակումբները միավորվեցին « Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ » անվանված մեկ ընդհանուր ծրագրի մեջ։ Վերջինիս մասնակիցները սովորում են ավելի լավ ճանաչել այն միջավայրը, որում ապրում են, միասին զարգացնել իրենց ստեղծարար միտքը, նախագծեր կյանքի կոչել իրենց երկրում, ինչպես նաև իրականացնել նախաձեռնություններ՝ հասարակության ավելի լայն շերտերին հասու դառնալու համար։

Արծրուն Պիվազյան

«Համալսարանում պետական քննության ժամանակ քննական հանձնաժողովին նախ զարմացրեց իմ պերճախոս ելույթը։ Հետո անակնկալի եկան հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ արտահայտած իմ քննադատական կարծիքից։ Արդեն մի քանի րոպե անց ինձ հարցեր էին ուղղում «Երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի մասին՝ փաստելով, որ վերջինիս շրջանակներում ձեռք բերածս գիտելիքն ու արժեքները նույնքան կարևոր են, որքան մասնագիտական գիտելիքներս։ Արդյունքում ստացա իմ առաջին 100 միավորը՝ հնարավոր 100-ից»։

,

Որո՞նք են մեր մեթոդները

  • Երիտասարդների հետ աշխատում ենք տարատեսակ ակումբների (անգլերենի, ֆրանսերենի, հոգեբանական, արվեստասերների, կինոսերների, ինֆոակումբ և այլն) ընթացքում վարվող քննարկումների և երիտասարդական նախաձեռնությունների միջոցով, որոնք կազմակերպվում են ակումբավարների ակտիվ մասնակցությամբ։
  • Լսարանային դասընթացների, հեռավար ուսուցման մեր առցանց հարթակի, փորձագետների հետ հանդիպումների և անհատական խորհրդատվությունների միջոցով մենք մշտապես հետևում ենք մեր ակումբավարների աշխատանքին և զարգացմանը։ Բացի այդ, վիրտուալ տիրույթում երիտասարդների հետ աշխատելուն է միտված նաև հատուկ բլոգը: Այս գործիքների միջոցով երիտասարդները զարգացնում են որոշումներ կայացնելու իրենց ունակությունը, մասնակից են դառնում ծրագրի բարելավման գործընթացին և իրականացնում իրենց սեփական նախաձեռնությունները։
  • Երիտասարդական ոլորտում գործող անձանց համար մենք մշակել ենք « Երիտասարդները հանուն հասարակության » ձեռնարկը, որն ամփոփում է ակումբների գործունեության ողջ փորձն ու մեթոդաբանությունը։ Ձեռնարկն ուղեկցվում է գրավիչ և օգտակար ուսուցողական խաղերով։ Ծրագիրն իրականացվում է Երևանում և Գյումրիում՝ 11 ամիս տևողությամբ։
Անահիտ Սիմոնյան

«Ծրագրի շրջանակներում ձեռբ բերած և զարգացրած կազմակերպչական հմտությունները, բարդ թեմաների շուրջ արդյունավետ քննարկումներ վարելու կարողությունը և ոչ ֆորմալ կրթության ոլորտի վերաբերյալ գիտելիքը մղեցին հիմնելու ընկերներիս հետ, որոնց թվում՝ ինձ պես նախկին ակումբավարուհիներից մեկը, մեր սեփական ՀԿ-ն, որը զբաղվում է մարդու իրավունքների բնագավառում կրթության հարցերով»։

,

Ինչու՞ մասնակցել ակումբներին

Քանի որ դրանք`

  • Յուրաքանչյուր հասարակության մտահոգող հարցերի շուրջ մտքերի փոխանակման և ինքնաարտահայտման հարթակ են։
  • Հնարավորություն են տալիս կիրառել օտար լեզուներ, ավելին իմանալ սեփական հետաքրքրությունների մասին (արվեստ, հոգեբանություն, մարդու իրավունքներ և այլն), որևէ թեմայի անդրադառնալ տարբեր տեսանկյուններից՝ տվյալ ակումբի ուղղվածությանը համապատասխան։
  • Նպաստում են անձնային և սոցիալական աճին, քննադատական մտքի զարգացմանը, մտահորիզոնի ընդլայնմանը։
  • Թույլ են տալիս մասնակցել մշակութային, բնապահպանական, բարեգործական կամ այլ բնույթի նախաձեռնությունների, որոնք ծնվում են ակումբների շրջանակներում մտքերի փոխանակման հետևանքով։
  • Առիթ են ընձեռում ձեռք բերելու համախոհ նոր ընկերներ՝ կյանքի կոչելու համար սեփական նախաձեռնությունները և այսպիսով նպաստելու ավելի լավ հասարակության ձևավորմանը:


Երևանում և Գյումրիում գործող մեր ակումբները բաց են բոլոր երիտասարդների համար՝ սկսած 17 տարեկանից, որոնք պատրաստ են ներդնել իրենց ուժերը՝ ակտիվորեն մասնակցելու մեր առջև դրած նպատակների իրագործմանը։

Ֆինանսավորում

  • Մասնակցությունն անվճար է (այդուհանդերձ, ողջունելի է ամսական 500 դրամի չափով ներդրումը՝ ակումբների ընթացքում կիրառվող նյութերի ծախսերը հոգալու նպատակով)։
  • Մեր հովանավորներն են մի շարք մասնավոր հիմնադրամներ՝ Crain հիմնադրամ/ Բազել, Sandoz/ Լոզան, Adenauer/ Գերմանիա։