Իսկական տոն Դալարիկ գյուղում

Home » Լուրեր Հայաստանից » Իսկական տոն Դալարիկ գյուղում

2016թ.-ից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ փախստականների ինտեգրմանը։ Այդ համատեքստում հիմնադրամը ստեղծել է «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբը. կամուրջ, որ միավորում է սիրիահայ և տեղացի 18-35 տարեկան երիտասարդներին, հարթակ, որ օգնում է բացահայտել, սովորել, ընկերանալ։ Ծրագիրն իրականացվում է Ժնևի հայկական համայնքի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄՍԿ ՓԳՀ) աջակցությամբ։

Սկզբնական շրջանում ծրագիրն ուղղված էր մասնավորապես երիտասարդների սոցիալ-մշակութային ինտեգրմանը։ Տարատեսակ թեմատիկ քննարկումները, արշավները, մշակութային հավաքներն ու միջոցառումները ծառայեցին իրենց նպատակին։ 2018-ից սկսած՝ տեսնելով ակումբի անդամների ինքնուրույնությունը, ակտիվությունն ու իրենց համայնքում ինչ-որ դրական բարեփոխում անելու պատրաստակամությունը՝ ծրագրի ձևաչափը փոքր-ինչ փոփոխվեց։ Հիմնադրամի աջակցությամբ և ուղղորդմամբ, միևնույն ժամանակ սեփական ինքնուրույնության ու կազմակերպվածության շնորիվ երիտասարդներին հաջողվեց բարեկարգել Ձորակ գյուղի գրադարանը, գրքերի նվիրատվություն կատարել ու էլի շատ այլ դրական ծրագրեր իրականացնել գյուղում։

Սրան հաջորդեց «Երևան-Հալէպ տրանզիտ» ակումբի երիտասարդների այցը Երևանից ոչ հեռու գտնվող Դալարիկ գյուղ։ 2018թ.-ի դեկտեմբերին խանդավառ երիտասարդները կանաչապատեցին գյուղի դպրոցը, բույսեր նվիրեցին, որոնցից մեկն էլ, անգամ, տեղ գտավ դպրոցի ճաշարանի պատին՝ գեղեցիկ ու խորհրդանշական նկարի տեսքով։

Այսքանով, սակայն, երիտասարդների գործունեությունը Դալարիկում չավարտվեց։ Նրանք մասնակցեցին Հայաստանի ազգային արխիվի հետազոտական աշխատանքներին, սկսեցին ուսումնասիրություններ կատարել՝ Դալարիկ գյուղի պատմությունը, կենցաղը, սովորույթները, անվանի բնակիչներին բացահայտելու նպատակով։ Գյուղի դպրոցականները ևս միացան երիտասարդներին և ակտիվորեն ներգրավվեցին աշխատանքներում։ Այդ ամենից հետո ստեղծեցին համատեղ ֆիլմ, որն էլ ցուցադրվեց 2019թ.-ի հունիսի 15-ին։ Ցուցադրությանը հաջորդեց Ազգային արխիվի տրամադրած նյութերի տպագրումը՝ «ԿԱԶԱ»-ի ջանքերով։

Իսկ վերջում՝ աշխատանքի ամփոփումից հետո, Դալարիկի դպրոցականներն իրենց հրաշալի համերգային ծրագրով իրական տոն պարգևեցին ներկաներին, որոնց թիվը հասնում էր հարյուրի։ «Սա դարձավ Դալարիկի տոնը»,-պնդում էին բնակիչները։ Մնում է հուսալ, որ այն ավանդույթ է դառնալու։