Մեր նպատակն է`
Խթանել ընդհանուրի բարօրությանը ձգտող համագործակցային ոգին՝ զարգացնելու համար մասնավորապես`
- տեխնիկական կապիտալ՝ նպատակային և նորարարական դասընթացներ,
- ֆինանսական կապիտալ՝ կառավարում և կանխատեսում՝ խուսափելու համար բանկային ծանր վարկերից և նպաստելու համար ինքնուրույնացմանը,
- մարդկային կապիտալ՝ երիտասարդների վերապատրաստում, որպեսզի վերջիններս զարգացնեն իրենց համայնքը:
ԳՈԳԱՐԱՆ/Լոռի՝ սկսած 1999-ից
Լեռնային այս գյուղը (+1850 մ) բացահայտեցինք 1999 թվականի ապրիլին՝ Սպիտակից 6 կմ հեռավորության վրա, 1988-ի երկրաշարժից 80 %-ով ավերված, որտեղ որպես դպրոց ծառայում էր կիսակառույց ու թշվառ մի հյուղակ:
2002 թ.-ին մենք այնտեղ վերակառուցեցինք մի գեղեցիկ դպրոց ավելի քան 300 աշակերտի համար, մինչ գազամատակարարման ապահովումը ֆինանսավորեցինք ջեռուցումը, զարգացրինք ինֆորմատիկայի ոլորտը, ինչն աննախադեպ էր Լոռու մարզում, զարկ տվեցինք մշակութային կյանքին (պար, երգ, ձեռքի աշխատանքներ, ֆրանսերենի ուսուցում) և տնկեցինք զբոսաշրջության առաջին ծիլերը (6 տեղանոց փոքրիկ հյուրատուն):
Մենք նպաստեցինք նաև գյուղի ջրամատակարարման (ջրամբար, ջրանցքներ) և գազամատակարարման ցանցերի բարեկարգմանը, ինչպես նաև հնագիտական պեղումների մեկնարկին:
Ներդրում`1.600.000 շվեյցարական ֆրանկ` մշտական վերահսկողության իրականացմամբ:
Այնուհետև տեսնելով, որ գյուղը շարունակում էր դատարկվել, մենք մեր ջանքերը ներդրեցինք գյուղատնտեսության բնագավառում՝ մշտական կապ պահպանելով տեղի մասնագետների հետ. այսպիսով, 2009 թ.-ին հիմնեցինք կոոպերատիվ, գնեցինք գյուղատնտեսական սարքավորումներ, իսկ վերջապես 2015-ին գյուղի տրամադրության տակ դրեցինք ամբողջապես բարեկարգված փարախ (400 ոչխար ընդունելու հնարավորությամբ)՝ միաժամանակ գյուղին նվիրաբերելով 200 ոչխար: Աշխատանքը երկար էր կառուցվածքային և հատկապես՝ մարդկանց մտածելակերպում փոփոխություններ առաջ բերելու տեսանկյունից:
2016թ.-ի օրակարգում`
Կաթի համայնքային մթերում, ինչը ենթադրում է սառնարանի գնում, որը կտեղադրվի վերջինիս համար նախատեսված վայրում, ինչպես նաև փոխադրման համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում:
Եվ գյուղում կրկին շողարձակում է հույսը…
ԱՐՋՈՒՏ / Լոռի՝ սկսած 2012-ից
Աջակցություն գյուղատնտեսությանը՝ ԳՈԳԱՐԱՆԻ հետ գործակցությամբ: Գյուղատնտեսական սարքավորման նվիրատվություն, աջակցություն 200 ոչխարի գնմանը, խոշոր եղջերավոր անասունների համար նախատեսված ախոռի նորոգում:
ԱՐԳԻՆԱ / Արմավիր՝ սկսած 2002-ից
Փախստականներով բնակեցված շատ աղքատ գյուղ է Արմավիրի մարզում՝ թուրքական սահմանին մոտ, որի հողը բարեբեր է մրգատու ծառերի մշակման համար:
«Շեն»-ի հետ համատեղ մենք այս գյուղում ֆինանսավորեցինք արևային չորանոցի, ջրամբարի, ճանապարհի, գյուղապետարանի շենքի որոշ հատվածի կառուցումը, դպրոցի ջեռուցման համակարգի նորոգումը, աջակցեցինք առվույտի գնմանը, ծիրանի ցուկատի պատրաստմանը: