Ֆրանկոֆոնիայի երկամսյակը «ԿԱԶԱ» հիմնադրամում

Home » Լուրեր Հայաստանից » Ֆրանկոֆոնիայի երկամսյակը «ԿԱԶԱ» հիմնադրամում

Ֆրանկոֆոնիայի երկամսյակը հարուստ ու հագեցած էր «ԿԱԶԱ» հիմնադրամի՝ ինչպես Երևանի, այնպես էլ՝ Գյումրու կենտրոններում։

Նախ Երևանի «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը հյուրընկալեց այն դպրոցների ֆրանսերենի ուսուցիչներին, որոնց հետ «ԿԱԶԱ»-ն համագործակցել է ողջ տարվա ընթացքում։ Վերջիններս ծանոթացան միմյանց հետ, համտեսեցին՝ Ֆրանկոֆոնիայի ծրագրի կամավորների պատրաստած նրբաբլիթները, քննարկեցին Հայաստանում կրթական ոլորտի խնդիրները՝ մասնավորապես այնպիսիք, որոնց բախվել են ֆրանսերենի դասավանդման ընթացքում, կիսվեցին ֆրանսերենի ուսուցման մասին իրենց պատմություններով և լեզուն սովորեցնելու իրենց դրդապատճառներով։

Դրան հաջորդեց « Մի բույս. դա քիչ բան չէ» վերնագիրը կրող վարպետաց դասը։ Դասի շրջանակում մասնակիցները սովորեցին բույսեր տնկել ու խնամել դրանք՝ «Ecomotiv» կազմակերպության ներկայացուցիչների օգնությամբ։

Միջոցառումների պաշտոնական սկիզբն ազդարարեց «ԿԱԶԱ» հիմնադրամի նախագահ Մոնիկ Բոնդոլֆին «ԿԱԶԱ Գյումրի» կենտրոնում՝ «Բարի կամք. հնարավորությու՞ն» խորագիրը կրող կոնֆերանսով։ Այն մտքերի փոխանակման հարթակ էր՝ մտորումներով ու քննարկումներով՝ կարծրատիպերից անդին բարեգործության անփոխարինելի դերի մասին։ Կոնֆերանսի առանցքում էր Ռուսելի հետևյալ միտքը. «Միակ բանը, որ մարդկությանը կփրկի, համագործակցությունն է » : Մոնիկ Բոնդոլֆին վարեց նույնանուն կոնֆերանսը նաև Երևանի «Էսպաս» կրթամշակութային կենտրոնում։

Թե՛ Երևանի, և թե Գյումրու կենտրոններում մեկ շաբաթ շարունակ կազմակերպվեցին բանաստեղծությունների ու հեքիաթների ընթերցումներ՝ Իզաբել Պատույոյի և Շարլ Զուլալյանի մասնակցությամբ («Կարդալ և կարդալ տալ մյուսներին» միությունից)։ «Ֆրանսերենը մի պոեմ է, որ ճամփորդում է» խորագրով էկոշաբաթվա ակտիվ դերակատարներն էին դպրոցականները։ Նրանք ներկայացրին իրենց բանաստեղծություններն ինքնատիպ և ստեղծագործական մոտեցմամբ՝ համեմված երգով, պարով, թատերական ներկայացմամբ : «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից յուրաքանչյուր դպրոցի շնորհվեց վկայական՝ ակտիվ մասնակցության համար։

Էկոշաբաթվա երկրորդ հանդիպումը կայացավ Շիրակի մարզային գրադարանում՝ բնության գեղեցկության և նրա պահպանման թեմայի շուրջ: Իզաբել Պատույոն և Շարլ Զուլալյանն ընթերցեցին Քլոդ Կլեմանի «Ծառի շունչը» հեքիաթը: Մասնակիցները, ներգրավվելով փոքր խմբերում, ստեղծեցին իրենց հեքիաթները: Նրանք ներկայացրին բնապահպանական գաղափարներ՝ կարևորելով ինչպես անհատի, այնպես էլ խմբի պատասխանատվության զգացումը:

Էկոշաբաթվա երրորդ օրը «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմը` Իզաբել Պատույոյի և Շարլ Զուլալյանի հետ միասին, իրականացրեց Գյումրու թիվ 45 միջն. դպրոցում, որտեղ նրանց էին սպասում շուրջ երեսուն աշակերտ, դպրոցի տնօրենն ու ուսուցչուհիները։ «Ժողովուրդը, որը սիրում էր ծառեր» հեքիաթի ընթերցումը զուգակցվում էր Իզաբելի կողմից պատրաստված կոլաժներով և «Երեխաների և դեռահասների զարգացում» ծրագրի ստեղծագործական խմբակի ուսուցանող Անի Խաչատրյանի տպավորիչ նկարներով:

Հաջորդ հանդիպումն անցկացվեց Շիրակի պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության բաժնում. ստեղծագործական աշխատարան՝ կալիգրամի մեթոդով: Թեմայի առանցքում էր հոգածությունը, որ մենք կարող ենք և պետք է տածենք բնության նկատմամբ:

Իզաբելն ու ֆրանսիացի կամավոր Կոլետը ներկայացրին «կալիգրամ» հասկացությունը՝ մտաբերելով սյուրռեալիզմի առաջատար ու 1918թ. հրատարակված «Խաղաղության և պատերազմի կալիգրամ պոեմներ» ժողովածուի հեղինակ Գիյոմ Ապոլիներին: Այնուհետ, փոխանակեցին մտքեր՝ հնագույն ժամանակներից հայտնի պատկերագրությունների և գաղափարագրությունների շուրջ: Մասնակիցները ոգևորությամբ ստեղծեցին իրենց կալիգրամ կամ նկար-պոեմները: Նրանք ներկայացրին իրենց ստեղծագործությունները՝ բնության պահպանման վերաբերյալ:

Վերջին միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 13-ին: Սկզբում, մասնակիցները վայելեցին «ԿԱԶԱ»-ի լեհ կամավոր Կատարժինա Մագիելդայի «Գյումրի, գեղեցիկ միջավայր» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Կամավորների կողմից իրականացվող ինտերակտիվ խաղերի միջոցով յուրաքանչյուր մասնակից յուրացրեց բնության վերաբերյալ ֆրանսերեն բառեր: Այնուհետև, Իզաբել Պատույոն և Շարլ Զուլալյանը վարեցին «Համաշխարհային էկոարժեք կրող այգիներ. ազգային ժառանգության արժևորման միջո՞ց, թե զբոսաշրջությանը նպաստող հնարավորությու՞ն» խորագրով կոնֆերանսը: Հանդիպման ավարտին մասնակիցներից շատերը փայլեցին իրենց տաղանդով. երգ, պար, երաժշտություն: Բոլորն ուրախ էին միասին այդ պահերը կիսելու համար: