Քաղաքացու օրն ու «ԿԱԶԱ»-ն

Home » Լուրեր Հայաստանից » Քաղաքացու օրն ու «ԿԱԶԱ»-ն

Այս տարի՝ ապրիլի 27-ին, Հայաստանի բոլոր մարզերում իսկական տոնախմբություն էր: Առիթը Քաղաքացու օրն էր՝ ի պատիվ համաժողովրդական միասնականության, որը հանգեցրեց 2018թ.-ի ապրիլի ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը։ «ԿԱԶԱ» հիմնադրամը ևս միացավ մեծ տոնին՝ հատկապես Գյումրիում։

Ապրիլի 27-ին Գյումրիում տոնական տրամադրության պակաս չկար։ Միջոցառումների մի մասն իրականացվում էր Ռուսթավելի փողոցում տեղակայված տաղավարներում։ Այստեղ էր հավաքվել արվեստաշատ ու արհեստաշատ քաղաքի հասարակությունը։

Քաղաքացու օրվա առթիվ հիմնադրամի Գյումրու սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնի «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագրի երիտասարդ կամավորները ներկայացրին «ԿԱԶԱ»-ի կողմից ստեղծված «Պերսիպիո», «Սիվիկ» և թարգմանված «Էնթեր Դիգնիթիլենդ» ուսուցողական խաղերը: Խաղերի համար պատասխանատու կամավորները բացատրում էին խաղի կանոնները և խաղում քաղաքացիների հետ: 

Խաղերն իրենց խորիմաստությամբ գրավում էին ոչ միայն երիտասարդներին, այլև՝ մեծահասակներին: Իսկ դրանց գունազարդումը հետաքրքրություն էր առաջացնում նաև փոքրիկ քաղաքացիների մոտ, ովքեր նույնիսկ չէին կարողանում կարդալ, բայց, այնուամենայնիվ, ցանկություն էին հայտնում միանալ քաղաքացիական խաղերի շքերթին:

Կամավորները ներկայացրին նաև իրենց երկու հեղինակային խաղ-մեթոդները ՝ «Քաղաքական այգեպանն» ու «Քաղաքական հումորները», որոնք ևս բուռն ոգևորություն առաջացրին քաղաքացիների շրջանում։