Սովետական ժառանգությունը՝ Salon du Livre-ում

Home » Լուրեր Հայաստանից » Սովետական ժառանգությունը՝ Salon du Livre-ում

Սույն թվականի մայիսի 4-ին` Ժնևում կայացած Salon du Livre մշակութային միջոցառման շրջանակում,արվեստաբանության և սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարան ներկայացրեցխորհրդային ժառանգության վերաբերյալ կատարված ուսումնասիրություններ։ Դրանց հեղինակները «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից՝ 2006 թվականից ի վեր ամեն տարի իրականացվող «Զբոսավարների պատրաստման դասընթացի» մասնակիցներն էին։

Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանն այժմ մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում։ Ուստի «ԿԱԶԱ» հիմնադրամի նախաձեռնած «Զբոսավարների պատրաստման դասընթացը» չէր կարող չանդրադառնալ դրան։

Արվեստաբանության և սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարայի օգնությամբ դասընթացի մասնակիցները ներկայացրել էին ժամանակաշրջանի վերլուծություն՝ անդրադառնալով արդյունաբերությանը, հոգևոր ու նյութական մշակույթին, ճարտարապետությանը, նորաձևությանը, սոցիալական կյանքին, տրանսպորտին, կրթական համակարգին՝ վերարտադրելով ժամանակի ոգին անգամ սպասքի, հագուստի, կոնֆետների միջոցով: Այս աշխատանքները՝ ֆրանսերեն և անգլերեն թարգմանաությամբ, Ալեն Նավարան ներկայացրեց՝ մայիսի 4-ին Ժնևում կայացած Salon du Livre մշակութային միջոցառման ժամանակ:

Աշխատանքներն ուշագրավ էին իրենց վերլուծական և համեմատական մոտեցմամբ՝ ներկայիս համակարգերի կամ նորաձևության հետ։ Օրինակ՝ Իվ Սեն Լորանի վերջին հավաքածուն ամբողջովին արտապատկերում է խորհրդային տատիկների խալաթները։ Ասվածի մեկ այլ օրինակ են թելից գործած հայտնի ցանցաձև տոպրակները, որոնք դարձյալ ակտուալ են:

Աշխատանքների հեղինակներին առաջարկվել է նաև ստեղծել իրական երթուղի, որի ուղղությամբ մասնակիցներն աշխատում են դասընթացավար թիմի հետ, և որն էլ շուտով կառաջարկվի մեր երկրի հյուրերին: