Կրթաթոշակների նոր ծրագիրը
Ուրախ ենք տեղեկացնել, որ 2021-2023 տարիներին «ԿԱԶԱ»-ն իրականացնելու է կրթաթոշակային նոր ծրագիր շվեյցարական «Հիրշման» հիմնադրամի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների զարգացմանը՝ կյանքի կոչելով իրենց իսկ նախաձեռնած փոքրիկ ծրագրերը։
Այսպիսով, ծրագրի կարևոր տարրերից է կրթաթոշակառուների կողմից փոքրիկ նախաձեռնությունների իրագործումը, ի նպաստ համայնքային զարգացման և իրենց մասնագիտական ոլորտի շրջանակներում: Այս բաղադրիչի պատշաճ իրականացման նպատակով մենք սերտորեն աշխատելու ենք համալսարանների հետ․ վերջիններիս կողմից նշանակված մենթորները և մեր թիմը, ունենալով նախագծերի իրականացման երկարամյա արդյունավետ փորձ, կաջակցեն և կուղղորդեն ուսանողներին իրենց գաղափարները հստակ ծրագրերի վերածելու և կյանքի կոչելու հարցում: Նման փորձառությունը կնպաստի կրթաթոշակառու երիտասարդների սոցիալական ներգրավվածության և համայնքների հետ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, միաժամանակ կզարգացնի կարևոր հմտություններ և կօգնի բացահայտել տարբեր հնարավորություններ իրենց մասնագիտական ոլորտներում՝ նպաստելով աշխատաշուկա մուտք գործելուն: Հարկ է նշել, որ նախաձեռնությունների իրականացման համար հիմնադրամը դրամաշնորհ չի տրամադրում։
Ընտրության չափանիշները
Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, որոնք՝
- ուսանում են առկա վճարովի համակարգում՝ սկսած բակալավրիատի 2-րդ կուրսից և մագիստրատուրայի 1-ին ու 2-րդ կուրսերում, պետական որևէ համալսարանի կիրառական գիտությունների որևէ ֆակուլտետում,
- ունեն բարձր առաջադիմություն,
- նախաձեռնող են և գործուն,
- պատրաստակամ են իրականացնել համայնքային զարգացմանը նպաստող նախաձեռնություն։
Կրթաթոշակի չափը
Կրթաթոշակի՝ յուրաքանչյուր ուսանողի համար սահմանված առավելագույն չափն է 625,000 ՀՀԴ-ը, որը փոխանցվում է տվյալ բուհի բանկային հաշվին՝ որպես ուսանողի ուսման վարձի փոխհատուցում։
* Կրթաթոշակ տրամադրելիս հաշվի են առնվելու նաև տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափերը և ֆինանսավորման հնարավոր լրացուցիչ աղբյուրները: Հետևաբար, հատկացվող գումարի չափը կարող է փոփոխվել համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից ուսանողին տրամադրվող աջակցության դեպքում և կախված վերջինիս չափից:
Մեր ակնկալիքները կրթաթոշակառուներից
- Բարձր առաջադիմություն ցուցաբերել ուսման մեջ,
- խորին պատասխանատվությամբ իրականացնել նախաձեռնած ծրագիրը,
- կրթաթոշակ ստանալուց ոչ ուշ, քան 6 ամիս անց ներկայացնել հակիրճ նյութ տվյալ մասնագիտական ոլորտի և դրանում սեփական նպատակների, կարիերայի ցանկալի նվաճումների վերաբերյալ՝ նախատեսված «Հիրշման» հիմնադրամի կայքում հրապարակման համար,
- նպաստել սեփական մասնագիտական ոլորտի զարգացմանը Հայաստանում,
- համագործակցության ավարտից հետո պահել կապը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ
Կրթաթոշակառուների ընտրությունը
Ընտրության գործընթացը բաղկացած է 4 փուլից՝
- սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգում «ԿԱԶԱ» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պատասխանատուի կողմից (ուսանողները ստանում են ծանուցում էլեկտրոնային նամակի տեսքով՝ անկախ արդյունքից),
- ստուգման արդյունքում առանձնացված բոլոր հայտադիմումների ուսումնասիրում և գնահատում ընտրական հանձնաժողովի կողմից,
- գնահատման արդյունքում՝ ընտրական հանձնաժողովի հարցազրույց սահմանված անցումային շեմը հաղթահարած դիմորդների հետ (այս փուլում ևս հարցազրույցների բոլոր մասնակիցները սահմանված ժամկետում կծանուցվեն դրանց արդյունքների մասին),
- վերջնական ընտրություն նախնական գնահատման և հարցազրույցների հիման վրա և ընտրված կրթաթոշակառուների հաստատում «Հիրշման» հիմնադրամի կողմից։
Դիմելու համար անհրաժեշտ փաթեթը
- Հայտադիմում՝ լրացված կից ձևի մեջ,
- համապատասխան բուհի կողմից տրված տեղեկանքի սկանավորված տարբերակը, որտեղ նշված կլինեն ուսանողի մասնագիտությունը և ուսման վարձի տարեկան չափը,
- 2 երաշխավորագիր ուսանողի մայր բուհում կամ մեկ այլ համալսարանում տվյալ մասնագիտական առարկան դասավանդող դասախոսների կամ տվյալ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կողմից (երաշխավորագիրը ներկայացվում է կից ձևաչափով․ ստորագրված և սկանավորված տարբերակը կցվում է ուղարկվող փաթեթին),
- նախորդող մեկ տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկանքի սկանավորված տարբերակ,
- Ազատ ոճի լուսանկար, որտեղ հստակ երևում է դեմքը,
- առավելագույնը 2 րոպե տևողությամբ տեսանյութ (փոխանցված wetransfer, youtube, vimeo հարթակներից մեկի միջոցով), որում խնդրում ենք պատմել համայնքային զարգացման ձեր նախաձեռնության գաղափարի մասին՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ համայնքային խնդրի լուծմանն է ուղղված ձեր նախաձեռնությունը։
- Ինչո՞ւ է, ձեր կարծիքով, անհրաժեշտ և հրատապ տվյալ խնդրի լուծումը։
- Ո՞րն է ծրագրային ձեր գաղափարը։ Ի՞նչ փոփոխություն եք ցանկանում բերել առաջարկվող ծրագրով։
- Ո՞ւմ է ուղղված լինելու ծրագիրը։
- Ի՞նչ առնչություն ունի ձեր նախաձեռնությունը ձեր ապագա մասնագիտության և մասնագիտական ունակությունների զարգացման հետ:
- Ի՞նչ հնարավորություններ և ռեսուրսներ ունեք նախաձեռնությունն իրականացնելու համար։
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է վերոնշյալ փաթեթն ուղարկել kasaam@kasa.am էլ․հասցեին մինչև ս․թ․ մայիսի 1-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով՝ Կրթաթոշակի դիմում։
Միայն դիմելու համար անհրաժեշտ փաթեթը պատշաճ ձևով ներկայացրած դիմորդները կդիտարկվեն հաջորդ փուլ անցնելու համար։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37493 30 88 94 հեռախոսահամարին երկուշաբթիից ուրբաթ ժամը՝ 09։00-13։00 և 14։00-18։00։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ |
|
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ |
01․05․2022թ․ |
Թեկնածուների ընտրություն հանձնաժողովի կողմից և «Հիրշման» հիմնադրամի կողմից վերջնական հաստատում |
30․06․2022թ․ |
Կրթաթոշակառուների հետ պայմանագրերի կնքում և ծրագրի մեկնարկ |
10․09․2022թ․ |