Եվրոպական Համերաշխության Կորպուս

Home » Լուրեր Հայաստանից » Եվրոպական Համերաշխության Կորպուս

«Եվրոպական hամերաշխության կորպուսը» (նախկին «Եվրոպական կամավորական ծառայությունը») Եվրոպական միության կողմից իրականացվող ծրագիր է, որի շրջանակում արդեն ավելի քան 10 տարի է, ինչ «ԿԱԶԱ» հիմնադրամը հյուրընկալում, ինչպես նաև ուղարկում է կամավորներ տարբեր եվրոպական երկրներ: Սա պարզապես կամավորական աշխատանք չէ, այն բացառիկ փորձառության հնարավորություն է, որ փոխում է կյանքեր:

Ծրագրի նպատակը համերաշխության տարածումն է որպես արժեք՝ հիմնականում կամավորության միջոցով, որն էլ իր հերթին խթանում է երիտասարդների և կազմակերպությունների ներգրավվածությունը մարդասիրական ծրագրերում՝ նպատակ ունենալով ամրապնդել համախմբվածությունը, ժողովրդավարությունը և եվրոպական քաղաքացիությունը: Այն նպաստում է նաև՝ երիտասարդներին առնչվող եվրոպական համագործակցությանը։

Մասնակից կազմակերպությունների աջակցությամբ ծրագիրն ապահովում է երիտասարդների ներգրավվածությունը դրական սոցիալական փոփոխություններ բերող մարդասիրական գործողություններում՝ տրամադրելով անձնական, կրթական, սոցիալական, քաղաքացիական, մշակութային և մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններ: Խթանում է վերջիններիս ակտիվ քաղաքացիական ինքության զարգացումը, աշխատունակությունը և ինտեգրումը աշխատաշուկայում՝ կամավորների, փորձնակների և երիտասարդական աշխատողների շարժունակության միոջոցով:

17-30 տարեկան երիտասարդները կարող են դիմել ծրագրին և իրականացնել անհատական կամ թիմային կամավորություն: Մինչ օրս մոտ երկու տասնյակ կամավորներ հյուրընկալվել և ուղարկվել են «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից կարճաժամկետ կամ երկարաժամկետ կամավորական աշխատանքի հետևյալ երկրներ. Ֆրանսիա, Իսպանիա, Սլովենիա, Լեհաստան, Լատվիա, Գերմանիա:

Անհատական կամավորությունը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար 2-12 ամիս տևողությամբ ծրագրով իրականացնել ակտիվ գործունեություն որևէ այլ երկրում, այլ մշակույթում: Ծրագիրը հոգում է մասնակցի բոլոր ծախսերը և յուրաքանչյուր ամիս տրամադրում գրպանի գումար:

Այժմ «ԿԱԶԱ» հիմնադրամը հյուրընկալել է 4 կամավոր՝ Ֆրանսիայից և Լեհաստանից, երկու կենտրոններում (Երևան, Գյումրի), որտեղ վերջիններս ներգրավված են ընթացիկ ծրագրերում և զուգահեռ իրականացնում են իրենց անձնական նախագծերը: