Գյումրու Հաղթանակի զբոսայգու վերածնունդը

Home » Լուրեր Հայաստանից » Գյումրու Հաղթանակի զբոսայգու վերածնունդը

Դեկտեմբեր ամսին «ԿԱԶԱ» հիմնադրամի՝ «Երեխաների և դեռահասների զարգացման ծրագրի» նախաձեռնությունների խմբակի  մասնակից դեռահասներն իրենց նախագիծը ներկայացրին Գյումրու քաղաքապետարանին: Նրանց նպատակն էր՝ բարեկարգել և «կենդանացնել» Հաղթանակի զբոսայգու տարածքը, որն, ըստ կատարած հարցումների, անտեսված և անցանկալի ժամանցի վայր էր քաղաքացիների շրջանում: Պատճառները բազմաթիվ էին՝ աղտոտվածությունը, անբարեկարգ վիճակը, լուսավորության պակասը, անհետաքրքրությունը և այլն։ Մինչդեռ դեռահասների համոզմամբ այգին ուներ բոլոր նախադրյալները` բնակիչների սիրելի վայրը դառնալու։

Զբոսայգու՝ կենտրոնական հատվածում գտնվելը, կանաչապատ տարածքը և մի շարք այլ փաստեր ոգեշնչեցին «Երեխաների և դեռահասների զարգացման» ծրագրի մասնակիցներին այգին դարձնել այլընտրանքային ու հետաքրքիր ժամանցի վայր:

Քաղաքապետարանի հավանությունը ստանալուց հետո՝ դեռահասները միանգամից գործի անցան։ Նրանք իրականացրին նախապատրաստական աշխատանքներ՝ մաքրեցին և բարեկարգեցին տարածքը` քաղաքապետարանի «Գյումրու կոմունալ ծառայության» բաժնի հետ համատեղ, տեղադրեցին նոր լույսեր, ներկեցին նստարաններն ու աղբամանները, պատրաստեցին անհրաժեշտ առարկաներ՝ նստարաններ, ճոճանակներ, սեղաններ, թռչունների բներ, գրապահարան, շախմատի տախտակ և այլն:

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը,  տեղի ունեցավ այգու պաշտոնական վերաբացումը, որը կրեց «Այգին մեր ձեռքերով» խորագիրը: Բացմանը ներկա էին ավելի քան 150 երեխա՝ ընտանիքների հետ միասին։ Վերջիններս  մասնակցեցին տարբեր աշխատարանների՝ նկարչական, սեղանի խաղերի, բակային խաղերի, շախմատի։ Իսկ ահա երեկոյան երեխաներն իրենց ծնողների հետ միասին դիտեցին «Անահիտ» մուլտֆիլմը:

Այսպիսով, «ԿԱԶԱ» հիմնադրամի՝ «Երեխաների և դեռահասների զարգացման» ծրագրի մասնակիցների ջանքերի արդյունքում Հաղթանակի զբոսայգին նոր շունչ է ստացել։ Հաճելի է ամեն օր տեսնել մարդկանցով լի այգին, որն ընդամենը ամիսներ առաջ մութ, լքված և անշունչ վայր էր: