Աստղիկ Նիկոլյան

Գյումրու կենտրոնի համակարգող

Կրթությամբ մանկավարժ և հոգեբան Աստղիկի ճանապարհը «ԿԱԶԱ»-ի մեծ ընտանիքում սկսվել է 2014թ.՝ որպես գործավար, այնուհետև աշխատել է ապրիլյան պատերազմի (2016թ.) ժամանակ Արցախից Շիրակի մարզ տեղահանված անձանց հետ, համակարգել երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման ծրագիրը: 2018թ.-ից Աստղիկը ստանձնել է հիմնադրամի Գյումրու կենտրոնի համակարգումը՝ համատեղելով այն անապահով ընտանիքների աջակցության ծրագրի պատասխանատուի գործառույթի հետ:

«Այսօր իմ երազանքն է, որ Գյումրին այլև չունենա մարդասիրական աջակցության կարիք և բռնի միայն ու միայն կայուն զարգացման ուղին, իսկ մեր կրթական, զբոսաշրջության և զբաղվածության ծրագրերը դառնան մեր և մեր շահառուների համար լավագույն միջոցը այդ կարևոր և դժվար ճանապարհին։»,- նշում է Աստղիկը, ով ջանք ու եռանդ չի խնայում կենտրոն եկած յուրաքանչյուր անձի կյանքում որոշակի դրական փոփոխություն բերելու համար:

Հիմնադրամում Աստղիկը հատկապես բարձր է գնահատում մասնագիտական աճի, աշխատելով սովորելու հնարավորությունը, միջմշակութային հաղորդակցությանն ու միջանձնային առողջ հարաբերություններին տրվող կարևորությունը, ինչը խթան է հանդիսանում առավել մասնագիտանալու և հմտանալու: Մի բան էլ՝ ««ԿԱԶԱ»-ն այն կառույցն է, որը միշտ մտածում է իր աշխատակցի և վերջինիս կյանքի որակը բարձրացնելու մասին։»,- ընդգծում է նա:

Ազատ ժամանակն Աստղիկը սիրում է անցկացնել ընտանիքի և ընկերների հետ, ինչպես նաև ընթերցել, երաժշտություն ունկնդրել, դիտել հարցազրույցներ աշխարհի առաջնորդների, հայտնի ու կայացած մարդկանց հետ։

Կարդալ ավելին

Հեղուշ Խաչատրյան

Գործավար

Կրթությամբ լեզվաբան-մանկավարժ Հեղուշը կենտրոնում աշխատանքի է անցել 2017թ․ սկզբին։ Կազմակերպչական, համակարգման, թարգմանչական, տեղեկատվության տրամադրման և այլ տարատեսակ գործառույթներից բացի նա նաև Գյումրու կենտրոնի «պատմագիրն» է և հիշողությունը․ Հեղուշն է կազմում բոլոր ժողովների արձանագրությունները, որոնք թույլ են տալիս պահպանել և փոխանցել կենտրոնի գործունեության ընթացիկ մանրամասները։

Շփման, ծանոթությունների և հետագա զարգացման լայն հնարավորություն լինելուց բացի Հեղուշի համար աշխատանքը նաև ինքնահաստատվելու միջոց է: «Իմ կողմից կատարված հանրօգուտ ու գրագետ աշխատանքը, որը, համոզված եմ, գնահատվում է, ինձ մոտիվացիա է տալիս նոր նպատակներ դնելու և հասնելու դրանց:»,- փաստում է նա:

Դե իսկ հիմնադրամի պատերից դուրս երիտասարդ մայրիկի տարերքներն են ընթերցանությունը, կինեմատոգրաֆիան և, իհարկե, ամենից առավել՝ ժամանցը սիրելի դստեր հետ:

Կարդալ ավելին

Անժելա Գևորգյան

Ֆինանսական պատասխանատու

Անժելան իր հիմնական մասնագիտությամբ՝ որպես ֆրանսերեն լեզվի մանկավարժ, աշխատել է ընդամենը երեք ամիս։ 2011թ․ աշխատանքի անցնելով նախ որպես «ԿԱԶԱ»-ի Գյումրու կենտրոնի ընդունարանի աշխատակից, հետո՝ գործավար՝ 2012թ․֊ից ի վեր նա հաջողությամբ իրականացնում է կենտրոնի ֆինանսական պատասխանատուի ոչ դյուրին պարտականությունները։

«Անկեղծ ասած, սկզբում ինձ թվում էր, թե հնարավորություններս գերագնահատված են, և այս հաստիքին չեմ համապատասխանում, բայց այսօր վստահ կարող եմ ասել, որ ես իմ աշխատանքը կատարում եմ հասկանալով, զգալով և, իհարկե, սիրելով»,֊ նշում է Անժելան, որը հիմնադրամի գործունեության մեջ կարևորում է մարդակենտրոնությունը, աշխատաոճում էլ՝ հարգանքն աշխատակցի նկատմամբ և մասնագիտական աճի մշտական հնարավորությունը։

Իսկ ազատ ժամանակ շատ է սիրում կարդալ և տեղեկացված լինել աշխարհի անցուդարձին, ստեղծագործել խոհանոցում և անակնկալներ մատուցել իր երեխաներին։

Կարդալ ավելին

Հերմինե Պապիկյան

Քաղաքացիական կրթության ծրագիր

Չնայած լեզվաբանական կրթությանը՝ Հերմինեն մշտապես աշխատել է հասարակական ոլորտում՝ ղեկավարելով Շիրակի մարզում տնտեսության, ինչպես նաև գյուղական համայնքների ու վերջիններիս երիտասարդների կարողությունների զարգացմանը միտված ծրագրեր: 2013թ. ի վեր նա համակարգում է «ԿԱԶԱ»-ի՝ երիտասարդների քաղաքացիական կրթությանն ուղղված ծրագիրը Գյումրիում: «Բոլոր բջիջներովս զգում եմ, որ իմ տեղում եմ. սիրում եմ աշխատել երիտասարդների հետ, նրանց ներսի և դրսի աշխարհների հետ և մոտիվացիա եմ ստանում երիտասարդների հզորացմանն ուղղված գործունեությունից»,- նշում է Հերմինեն:

Հիմնադրամի աշխատաոճում հատկապես գնահատում է թիմային ոգին, ինքնազարգացման հնարավորությունները, բաց աշխատանքային-ստեղծագործական դրսևորումները:

Իսկ հանգստյան օրերին սիրում է ծուլանալ, չզանգել, չգրել, ինչպես նաև չպատասխանել զանգերին ու նամակներին:

Կարդալ ավելին

Անդրանիկ Պապոյան

Քաղաքացիական կրթության ծրագիր

Մասնագիտությամբ տնտեսագետ Անդրանիկը «ԿԱԶԱ»-ում ներգրավվել է դեռ 2017 թվականից որպես «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» քաղաքացիական կրթության ծրագրի մարդու իրավունքների ակումբի ակումբավար։ Իսկ 2022թ. ի վեր ստանձնելով այդ նույն ծրագրի երիտասարդական խմբերի համակարգողի գործառույթները՝ Անդրանիկը օգնում է գյուղական համայնքների երիտասարդներին ձևավորել ակտիվ երիտասարդական խմբեր, որոնք հետագայում հնարավորություն կունենան զարգանալու և ինքնուրույն համայնքային խնդիրներ լուծելու։ «Ես սիրում եմ իմ աշխատանքը, քանի որ մենք հարթակ ենք ստեղծում երիտասարդների զարգանալու և կրթվելու համար։ Ես համոզված եմ, որ եթե մենք ցանկանում ենք ունենալ փայլուն ապագա, ապա այսօր պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր երիտասարդներին զարգացնելու և զարգանալու համար։ Հայաստանում բնակվող յուրաքանչյուր երիտասարդ պետք է հնարավորություն ունենա դառնալու ներկա ներուժը՝ համայնքների զարգացման և առհասարակ Հայաստանի զարգացման համար»։

Ազատ ժամանակ Անդրանիկը նախընտրում է ակտիվ հանգիստ՝ արշավներ, լեռնագնացություն․․․

Կարդալ ավելին

Ռուզաննա Բալոյան

Երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացման ծրագիր

Ռուզաննան հիմնադրամի մասին առաջին անգամ լսել է, երբ դեռ ուսանող էր: Ընդամենը մեկ տարի անց՝ 2009թ., արդեն կամավորում էր Գյումրու կենտրոնում՝ լինելով նաև «ԿԱԶԱ»-ի կրթաթոշակառու: Այսօր նա հմտորեն համակարգում է երեխաների և դեռահասների սոցիալ-ուսուցողական զարգացմանն ուղղված ծրագիրը:

«Երեխաները թե՛ մեր ներկան են, թե՛ ապագան, ուստի նրանց կրթությունը հույժ կարևոր եմ համարում: Վստահորեն կարող եմ ասել, որ «ԿԱԶԱ»-ում մենք կրթում և կերտում ենք ապագա գիտակից քաղաքացիներ, որոնք ուշադիր են և պահպանում են իրենց միջավայրը, տիրապետում են ժամանակակից աշխարհում առօրյա կյանքում իրենց անհրաժեշտ հմտությունների:»,- նշում է Ռուզաննան:

Հիմնադրամում աշխատելու առավելություններից է համարում առաջ գնալու, կատարելագործվելու, անընդհատ վերապատրաստվելու հնարավորությունն ու ազատությունը: Իսկ աշխատանքից դուրս սիրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ճամփորդել, ընթերցել, ֆիլմ դիտել կամ պարզապես զբոսնել:

Կարդալ ավելին

Աննա Ունուպօղլյան

Ֆրանկոֆոնիայի զարգացման ծրագիր

Աննան հիմնադրամի թիմին միացել է 2012թ.՝ առաջին հերթին շնորհիվ Գյումրիում ֆրանկոֆոնիայի տարածման ոլորտում իր ունեցած հարուստ փորձի: «Երբ սիրով, հավատով և նվիրումով ես աշխատում, այն այլևս պարտականություն չէ, այլ կենսակերպ: Տալով՝ ստանում ես, կիսելով՝ սովորում, փոխանակելով՝ հարստանում»,- նշում է Աննան, ով Ֆրանկոֆոնիայի որդեգրած արժեքների քայլող մարմնացումն է՝ իր աշխատանքային սկզբունքներով ու մարդկային որակներով: Բացի այդ, Աննան համադրում է իր երկու՝ ֆրանսերենի մանկավարժի և հոգեբանի մասնագիտությունները «ԿԱԶԱ»֊ի մեկ այլ՝ երեխաների և դեռահասների զարգացմանն ուղղված ծրագրում հանդես գալով որպես ուսուցանող:

Հիմնադրամի կյանքում գնահատում է համագործակցության հնարավորություններն ու ազատությունը, ինչպես նաև մարդակենտրոն գործունեությունը, հավասարության սկզբունքը, անձնային և մասնագիտական աճի հնարավորությունը և, ինչպես ինքն է բնորոշում, «բազմազանությունը՝ միասնության մեջ»:

Իսկ այնքա՜ն քիչ ազատ ժամերին սիրում է պարել, կարդալ, բացահայտել աշխարհի մշակույթներն ու մարդկային անսահմանափակ ներուժը, հեծանիվ քշել, զբաղվել յոգայով, պարզապես շփվել մարդկանց հետ:

Կարդալ ավելին

Արմենակ Մարգարյան

Համակարգչային պատասխանատու

Ի սկզբանե ֆրանսերենի տեխնիկական թարգմանիչ Արմենակը հեռավոր 2004թ. «ԿԱԶԱ»-ում իր մասնագիտական ուղին է սկսել ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում՝ հանդես գալով որպես համակարգչային գրագիտություն ուսուցանող և Գյումրու համայնքային ինտերնետ կենտրոնի համակարգող: Այժմ նա Գյումրու և Երևանի կենտրոնների համակարգչային պատասխանատուն է (այլ կերպ ասած՝ ծագած ցանկացած տեխնիկական խնդրի «շտապ օգնությունը»): Իսկ մնացյալ քիչ ժամանակը տրամադրում է հայերեն լեզվով Վիքիպեդիայի առաջխաղացմանը՝ համակարգելով Գյումրու կենտրոնում գործող Վիքիակումբը:

Հիմնադրամում գնահատում է տիրող փոխընկալման և փոխօգնության մթնոլորտն ու մեծ հարգանքը բոլոր աշխատակիցների նկատմամբ, ինչպես նաև մշտապես աճելու հնարավորությունը. հենց այս պահին էլ ամեն ինչ «հավեսով ու դուխով» անող Արմենակը ծրագրավորում է ուսումնասիրում և շտապում է իր նոր մասնագիտական հմտություններով նպաստել հիմնադրամի կայքի բարելավմանն ու առցանց ուսուցման թիմի աշխատանքին:

Դե իսկ աշխատանքային առօրյայից դուրս Արմենակի կյանքը բազմազան է. երիտասարդ հայրիկը փորձում է իր լուման ներդնել Հայաստանում հեծանվային զբոսաշրջության զարգացման մեջ, զբաղվել ինքնակրթությամբ, շախմատ խաղալ, կայքեր պատրաստել, ուսումնասիրել տարատեսակ կենցաղային տեխնիկա, զբաղվել սպորտով, օգնել ծերերի ու երեխաների:

Կարդալ ավելին

Սարո Հովհաննիսյան

Մուլտիմեդիայի պատասխանատու

Հիմնադրամում աշխատանքի անցնելուց առաջ Սարոն դասավանդում էր կինոօպերատորի վարպետություն: Նույն ոլորտում էլ սկսվեց նրա ուղին «ԿԱԶԱ»-ում, որտեղ 2005թ.-ից ի վեր Սարոյին հաջողվել է ստեղծել հսկայական լուսա- և տեսաարխիվ՝ հավերժացնելով հիմնադրամի կյանքի նշանակալի պահերն ու մարդկանց, ինչպես նաև ստեղծելով հոլովակներ Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձանների մասին, որոնք կիրառվում են զբոսաշրջության առաջխաղացման նպատակով:

Հիմնադրամում Սարոն գնահատում է մարդկային բարձր որակներով թիմը, ստեղծագործական ազատությունը, մասնագիտորեն աճելու և նոր ոլորտներ բացահայտելու հնարավորությունը (2015-2017թթ. նա եղել է Գոգարան համայնքում գյուղատնտեսության զարգացման ծրագրի պատասխանատուի օգնական):

Իսկ հանգստյան օրերն անցնում են կահույքագործությամբ, մեքենա վարելով և ընտանիքի ու ընկերների հետ ակտիվ հանգստով՝ բնության գրկում:

Կարդալ ավելին

Լուսինե Ավագյան

Առցանց ուսուցում

Անգլերեն լեզվի և գրականության մասնագետ Լուսինեի ուղին «ԿԱԶԱ»-ում սկսվել է դեռևս 2015թ.՝ նախ որպես երիտասարդների զբաղվածության ծրագրի շահառու, այնուհետև՝ միջմշակութային ակումբի ակումբավար քաղաքացիական կրթության ծրագրի շրջանակներում, նույն ծրագրի մենթոր, Ֆրանսիայից ժամանած կամավորի մենթոր: 2019թ. մայիսին կարճ ժամանակ քաղաքացիական կրթության ծրագրի համակարգողի պարտականությունները ստանձնելուց հետո Լուսինեն միացավ հիմնադրամի առցանց ուսուցման թիմին՝ որպես առցանց հարթակի ֆասիլիտատոր:

«Առցանց ուսուցման ոլորտը բավական հետաքրքիր ու քիչ թե շատ նոր, մարտահրավերային ոլորտ է ինձ համար: Այն նաև շատ հեռանկարային է, և ես համոզված եմ, որ մեր թիմի լավ աշխատանքի շնորհիվ կկարողանանք բարձրացնել հեռահար ուսուցման հանդեպ հետաքրքրությունը մեր հասարակությունում:»,- նշում է Լուսինեն:

Հիմնադրամում իր աշխատանքում կարևորում է իշխող առողջ, ընկերական, բանակցային ու աշխատանքային մթնոլորտը, աշխատակիցների անձնային և մասնագիտական աճի հնարավորությունը, կաղապարների ու ճնշումների բացակայությունը: Իսկ աշխատանքից դուրս ամենասիրելի զբաղմունքը եղել և մնում է ազատ օրերին զբոսնելը հարազատ Գյումրիում ու բացահայտելը քաղաքի հին ու չբնակեցված թաղամասերը, ինչպես նաև լուսանկարելը քաղաքն ու նրա բնակիչներին՝ ընկերներին շահագրգռելով, որ այցելեն Գյումրի:

Կարդալ ավելին