«ԱՄԵՆԱՔԱՂԱՔԱՑԻ». ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

Home » Լուրեր Հայաստանից » «ԱՄԵՆԱՔԱՂԱՔԱՑԻ». ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԽԱՂԻ ՄԻՋՈՑՈՎ

«ԿԱԶԱ» հիմնադրամը տարիներ շարունակ մշակում, կիրառում և տարածում է քաղաքացիական կրթությանը նպաստող ուսուցողական խաղեր, որոնք արդյունավետորեն օգտագործվում են ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում։

«Ամենաքաղաքացի»-ն այս շարքի հերթական խաղն է, որի կոնցեպտուալ նախատիպը Հնդկաստանում գործող ComMutiny – The Youth Collective կազմակերպության կողմից ստեղծված Samvidhan Live – The Jagrik project համազգային խաղ-նախաձեռնությունն է։ Ոգեշնչվելով այս նախաձեռնությունից՝ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը տեղայնացրել է այն հայ երիտասարդների ուսուցողական կարիքներին համապատասխան։

«Ամենաքաղաքացի» խաղը ստեղծվել է «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Brot für die Welt կազմակերպության աջակցությամբ։ Խաղի հիմնական նպատակն է բարելավել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և պարտականությունների իմացությունը հայ երիտասարդների շրջանում և նպաստել որպես քաղաքացի դրանց իրացմանը։

«Այս խաղի միջոցով ցանկանում ենք հնարավորություն տալ հայ երիտասարդներին իրական փորձառության միջոցով ապրել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքներն ու պարտականությունները, ուրիշների հետ կիսել իրենց տպավորությունները, ձեռքբերումներն ու դժվարությունները, ինչպես նաև դառնալ դրական փոփոխություններ իրականացնողներ։ Ցանկանում ենք, որ խաղն առաջիկայում ներառվի նաև Հասարակագիտություն առարկայի դպրոցական ծրագրում»,-նշում է ծրագրի պատասխանատու, խաղի ստեղծագործական խմբի անդամ Վահրամ Պետրոսյանը։

Խաղը բաղկացած է 6 իրավունքի և 6 պարտականության, ինչպես նաև մեկ բոնուս քարտից, որի առաջադրանքները վերաբերում են կանանց և տղամարդկանց իրավահավասարությանը: Բոլոր 12 խաղաքարտերն իրենց հերթին բաղկացած են երկու բաժիններից՝ «Միասին» և «Ես»։ «Միասին» բաժնի առաջադրանքները մասնակիցներն իրականացնում են զույգերով՝ կատարելով ուսումնասիրություններ, իրազեկելով և իրականացնելով տարբեր նախաձեռնություններ, համագործակցելով համայնքի այլ անդամների հետ: «Ես» բաժնի առաջադրանքները զույգի յուրաքանչյուր անդամ կա- տարում է ինքնուրույն։ Դրանք ուղղված են ինքնազարգացմանն ու ինքնակազմակերպմանը:

Խաղը նախատեսված է և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ կրթական միջավայրերում խաղալու համար։ Այն ծավալուն է և երկարաժամկետ (կարելի է խաղալ մինչև 6 շաբաթ), բայց բավականին ճկուն է և ոչ ֆորմալ կրթական շրջանակներում (թրեյնինգներ, աշխատարաններ, և այլն) ևս կարելի է կիրառել խաղի առանձին կոմպոնենտներ։ Կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր անձինք։

«Ամենաքաղաքացի»-ն տպագրության փուլում է, այն արդեն հասանելի կլինի մեկ ամսից և հնարավոր կլինի ձեռքբերել մեր Երևանի և Գյումրու կենտրոններում։