Տրվեց «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մեկնարկը

Home » Arménie Actualités » Տրվեց «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մեկնարկը
erit.am – Երեկ «Էսպաս» կենտրոնում կայացավ «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային կենտրոնի երիտասարդների զբաղվածությունը խթանող գործունեության շրջանակում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ:

Շնորհանդեսի ժամանակ Երիտասարդության զբաղվածության ծրագրի պատասխանատու Լուսինե Աղաբեկյանը, Երիտասարդության զբաղվածության ծրագրի օգնական Գեւորգ Էլվաջյանը եւ Փախստականների տնտեսական ինտեգրման պատասխանատու Լուսինե Տոնոյանը հանգամանալի ներկայացրեցին ծրագիրը, ինչպես նաեւ խոսեցին կամավորների ընտրության, ներգրավման, նրանց կարեւոր դերակատարման եւ ծրագրի նպատակի մասին: 

Ծրագրին մասնակցելու 3-6 ամիսներն անվճար են, քանի որ ֆինանսավորվում է «ԿԱԶԱ»-ի եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է աշխատաշուկա մուտք գործելու եւ աշխատանքային հմտությունները զարգացնելու ուղղությամբ կամավորների միջոցով աջակցել աշխատանք փնտրող մասնակիցներին: 

Ծրագիրը, սակայն, ունի առանձնահատկություն. այն է՝ մասնակից երիտասարդներին անմիջական աջակցություն են ցուցաբերում ծրագրի կամավորները՝ մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային փորձ, ցանկանում են կամավորության սկզբունքով աշխատանք գտնելու գործում աջակցել այլ մարդկանց եւ պատրաստ են իրենց փորձն ու հմտությունները կիսել նրանց հետ: Այս պարագայում ծրագրի շահառուներ են համարվում բոլոր երիտասարդները՝ տեղացիներ, սիրիահայեր, փախստականներ, ովքեր աշխատանքի կարիք ունեն եւ ցանկանում են աշխատանք գտնել, զարգացնել իրենց հմտությունները: 

«ԿԱԶԱ»-ի տնօրեն Անահիտ Մինասյանը նշեց, որ իր ձեւաչափով այս ծրագիրն առանձնահատուկ է եւ առաջինն Հայաստանում, քանի որ վերջին 3 տարիների ընթացքում շատ խմորումներ են եղել, եւ, ի վերջո, հասկացել են, որ հասել են այն կետին, որը հնարավորություն է տալիս հասկանալու, թե ինչպես է պետք Հայաստանում նվազեցնել գործազրկության մակարդակը:

«Ցանկացած ծրագրի իրականացման համար առկա է ցանկություն, սակայն այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են նաեւ իրականացնողներ, մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները ներառել: Առհասարակ նման պարագայում կարեւոր է կամավորների դերակատարությունը, քանի որ Հայաստանում մենք ունենք իրենցից հզոր ուժ ներկայացնող կամավոր երիտասարդներ»,-ասաց Անահիտ Մինասյանը եւ հավելեց, որ գործազրկության դեմ պայքարի լավագույն տարբերակը հենց կամավորների միջոցով պայքարելն է:

Նշենք նաեւ, որ հանդիպմանը ներկա էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ով իր գոհունակությունը հայտնեց ծրագրի վերաբերյալ եւ նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում իսկապես դժվար է աշխատանք գտնելը, սակայն ՄԱԿ-ում իր գործունեության 25 տարիները փաստել են, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է իրականացնել: 

Այսպիսով՝ «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի մեկնարկը տրված է, որը շատ երիտասարդների համար կարեւոր ուղենիշ կհանդիսանա աշխատանքային ոլորտում:

Պատկերասրահ՝ «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի շնորհանդես

Աղբյուր՝ Երիտասարդ